Մատչելիության հղումներ

Նախարարը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում


Նախարարը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

Նախարարը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում

«Չեմ կարծում, թե․․․ այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգությունները կանխելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմել-չդիմելու համար պետք է որոշում կայացնի Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի Զինված ուժերն այսօր կարող են լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները:

«Չեմ կարծում, թե այս վերջին տարիներին, և մանավանդ հայկական զինուժի ընդհանուր ստեղծման և կայացման ողջ գործընթացը, որը որ բերել է մի այնպիսի իրավիճակի, որ Հայկական բանակը ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող, հզորացող և զարգացող զինուժ է, այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին: Մենք պատրաստ ենք այսօր ցանկացած գործողությունների և մենք և՛ այդ գիծը, և՛ շփման գիծը, և՛ նաև հակառակորդի տարածքը անհրաժեշտության դեպքում հենց մոտակա խորության մեջ կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի», - հայտարարեց նախարարը:

Ադրբեջանը, Օհանյանի ձևակերպմամբ, այսօր շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը՝ հետապնդելով մեկ նպատակ՝ պարտադրել քաղաքական զիջումներ: Հարևան պետության նման գործելաոճը, նրա կարծիքով, լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար․ - «Հարյուր տոկոսով բացառել, որ մարտական գործողություններ այս կամ այն տիպի, կամ լոկալ, չեն կարող լինել, ռազմական կառույցի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ: Բայց մենք ամեն ինչ կանենք, նաև ռազմաքաղաքական ղեկավարությունն է այդ ուղղությամբ աշխատում, որպեսզի այն չվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Եվ կարծում եմ, որ այսօր այդ միտումը մենք չենք տեսնում»:

Նախարարը տեղեկացրեց, որ անցած տարվա նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին հակառակորդի կողմից հայկական ռազմական ուղղաթիռի խոցումից հետո անհամաչափ պատասխան արդեն իսկ եղել է:

Ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, իսկ որոշ զինծառայողներ պատասխանատվության են ենթարկվել․ - «Մենք անց ենք կացրել և ծառայողական քննություն, և համապատասխան մարդիկ տույժ ստացել են, պաշտոններից ազատումներ են եղել: Պետք է հասկանանք նաև, որ այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք որ ուսումնավարժական թռիչք են կատարել՝ պլանային, փոքր շեղումով, այլ հակառակորդինն է, որը որ, խախտելով հրադադարը, այդ խոցումը իրականացրել է»:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ Գյումրիի ողբերգական սպանդից հետո Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինի հետ հանդիպման ժամանակ ինքը չի բարձրացրել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին փոխանցելու խնդիրը․ - «Հարց է եղել գործող բոլոր միջպետական համաձայնագրերի և գործող օրենսդրության շրջանակներում որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացը իրականացնենք: Ասեմ, որ նաև այդ ժամանակահատվածում հենց առաջին իսկ հայացքից նույն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավարությունն էլ ասում էր, որ եթե դեպքը կատարվել է այստեղ է, պետք է նաև ճշտենք իրավական բոլոր նորմերը գոյություն ունեցող և այդպես էլ իրականացնենք»:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Գյումրիում կատարվածը չի կարող վնաս հասցնել հայ-ռուսական ռազմական հարաբերություններին:

Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, թե մտադիր են Լեռնային Ղարաբաղում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցու հարցը քննարկել հայկական կողմի հետ՝ Օհանյանն ասաց, թե այդ հարցը ռուսական կողմը կարող է քննարկել պաշտոնական Ստեփանակերտի հետ:

Հիշեցնենք․ մոտ մեկ շաբաթ առաջ Սերգեյ Լավրովի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներից մեկը հետաքրքրվել էր Դիլհամ Ասկերովի ճակատագրով, հայտարարել էր, թե նա Ռուսաստանի քաղաքացի է և հարցրել, թե ինչու Ռուսաստանը ոչինչ չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու ուղղությամբ: Լավրովը պատասխանել էր, որ Ասկերովին հայկական կողմն է ձերբակալել, ուստի հարցը կքննարկեն հայկական կողմի հետ:

XS
SM
MD
LG