Մատչելիության հղումներ

Քոչարյան․ Գյումրու դեպքերի առնչությամբ պաշտոնյաների լղոզված հայտարարությունները «յուղ լցրեցին կրակի վրա»


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Քոչարյանի կարծիքով Գյումրու դեպքերին հաջորդող պաշտոնյաների գործողությունները իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը՝ նշելով, որ Հայաստանի «պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:

Իր ոչ պաշտոնական կայքէջին՝ 2rd.am-ին, տված հարցազրույցում, պատասխանելով հարցերին, թե ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը, ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը և ի՞նչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները այդ իրավիճակում, Քոչարյանը մասնավորապես նշել է․

«Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա»:

«Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»

Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական հարցերի:

«Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա: Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է», - մասնաավորապես ասել է երկրորդ նախագահը:

«Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք»

Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ - «Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»:

Դեկտեմբերին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկման վերաբերյալ Քոչարյանը իշխանությունների գործողությունները «ուշացած ու թերի» է բնութագրել:

«Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

Էդուարդ Շարմազանով․ «Ամեն ինչ սևացնել՝ ասելու, որ դեմ եմ ՍԴ բարեփոխումներին, անհասկանալի է»

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում արձագանքելով երկրորդ նախագահի՝ իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատությանը, հետևյալն ասաց․

«Միայն զուտ նրա համար, որ հիմնավորի, որ սահմանադրական բարեփոխումներին ինքը դեմ է, ամեն ինչը սևացնել, սև գույները խտացնել, սևը ավելի սևացնել, ողբը ավելի սևացնել, դրա համար բերել հասցնել, որ սահմանադրական բարեփոխումներին ինքը դեմ է, ինձ համար անհասկանալի է: Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, թե երկրորդ նախագահը, թե նախկին գործիչները, առանձնապես նոր բան ասելու չունեմ», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Մարտիրոսյան․ «2008թ․ մարտի 1-ը ևս նպաստեղ քաղաքական մենաշնորհի խորացմանը»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիորսյանն ասաց, որ Գյումրիի դեպքերի վերաբերյալ երկրորդ նախագահի ասածի մեջ իրականության մի հատվածն է միայն ներկայացված, որովհետև պետք է խոսել նաև ռուսական կողմի քայլերի մասին:

Անդրադառանալով քաղաքական ու տնտեսական մենաշնորհների հարցին՝ «Ժառանգության» փոխնախագահն ընդգծեց․- «2008 թվականի մարտի մեկը ևս նպաստեց այդ քաղաքական մենաշնորհի խորացմանը և բանականբար, դա մի վերք է, որը որևէ մեկը չի մոռացել և ցանկացած պարագայում հասարակությունը դրա հետ կապված հիմա բազմաթիվ հարցեր ունի Ռոբերտ Քոչարյանին: Ցավն այն է, որ Հայաստանում իշխանությունը թողնելուց հետո են միայն տեսնում այն արհավիրքը, որ կա, որի մեջ նաև իրենք են մասնակցություն ունեցել»:

«Բարգավաճ Հայաստան»-ից և Հայ ազգային կոնգրեսից երկրորդ նախագահի հարցազրույցին չարձագանքեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG