Հիշեցնենք, որ արդեն լրացել է Պերմյակովի ձերբակալման 72 ժամը և Հայաստանի քննչական կոմիտեն առայժմ միայն որոշում է կայացրել՝ երկու կամ ավելի անձանց սպանության գործով Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որը վարույթ իրականացնող մարմինը երեկ Գյումրիում իրականացրել է դատավարական մի շարք գործողություններ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել՝ քննության առանձնահատկություններից ելնելով:
«Գյումրիում իրականացվել են դատավարական մի շարք գործողություններ, որոնց մասին այս պահին հրապարակել չենք կարող: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ավելի ուշ քննության ընթացքի մասին կտրամադրվի տեղեկատվություն», - ասաց Տռուզյանը:
Փաստորեն, բաց է այն հարցը, թե 72 ժամը լրանալուց հետո հայկական կողմը մեղադրանք առաջադրել է, թե՞ ոչ, կայացվե՞լ է, արդյոք, կալանավորելու որոշում, և եթե այդ որոշումը կայացվի, Հայաստանի դատավորն է մտնելու ռուսական ռազմաբազայի տարածք, թե՞ Պերմյակովն է կանգնելու Հայաստանի արդարադատության առջև:
«Ազատության» հետ զրույցում քրեական գործերում ներգրավված մի շարք փաստաբաններ ստեղծված իրավիճակը բացատրեցին նրանով, որ հայ իրավապահները փաստացի զրկված են Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:
Ստացվում է, որ սա բացառապես ռուս իրավապահների որոշելիք հարցն է, քանի որ ըստ իրավաբանների՝ Պերմյակովը գտնվում է ռուսների հսկողության տակ և նրա վրա կիրառվում են Ռուսաստանի օրենքները:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով, այս գործընթացը իրավական անհեթեթություն է և իրավաբանության հետ որևէ աղերս չունի:
«Այսինքն, այդ 72 ժամը չի տարածվում այս քրեական գործի վրա, որը հարուցված է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից: Իհարկե այստեղ լուրջ խնդիր է առաջանում՝ արդյո՞ք պետք է անձի նկատմամբ ընտրվի խափանման միջոց, թե՝ ոչ: Ընդհանուր գործընթացը ոչ իրավաչափ է ընթանում, ուստի, փնտրել այս գործընթացում, թե իրավաբանորեն ինչպես է հնարավոր անել, ուղղակի անիմաստ է», - ասաց Սահակյանը:
Իրավաբանների պնդմամբ, այս գործում խառնաշփոթը սարսափելի շատ է։ Նրանք փորձում են ստանալ պաշտնական հստակեցում՝ որտե՞ղ է կայանալու Պերմյակովի գործով դատական նիստը, ո՞ր երկիրն է արդարադատությունն իրականացնելու:
«Այս պահին ունենք այն, ինչ ունենք. ունենք իրավիճակ, որ երեկ 5-րդ կայազորային ռուսական զինվորական դատարանը խափանման միջոց է կիրառել կասկածյալի նկատմամբ և նրան վերցրել է կալանքի տակ՝ այսինքն ամբողջությամբ այս պահին ռուսական արդարադատության իրավազորությունն է գործում։ Այլ բան է, որ նախաքննության շրջանակներում գոյություն ունեն երկու հարուցված գործեր, որքանով որ ես եմ հասկանում, համատեղ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները և քննության նյութերը կմիավորվեն մեկ գործի մեջ և տեղի կունենա դատավարություն, որին որ կարող է Հայաստանի հանրությունը հետևել», - այսօր այս հարցի շուրջ իր կարծիքը հայտնեց նաև պատգամավոր, իրավաբան Էդոմ Մարուքյանը՝ ելնելով աղմահարույց գործի ընթացքից։
Քրեական գործերում ներգրավված մեկ այլ փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում տարակուսանք էր հայտնել՝ նշելով, թե համաձայն ո՞ր իրավական ակտի է ռուսական ռազմաբազան Ռուսաստանի մաս կազմում։
Ալումյանը նաև հարց էր բարձրացրել՝ նշելով, որ օրինակ, եթե գործում ոչ թե մեկ, այլ 10 կասկածյալ լիներ, ընդ որում, տարբեր երկրների քաղաքացիներ, այդ դեպքում ո՞ր երկրի օրենքը պետք է գործեր:
Լուսիեն Սահակյանի կարծիքով, Հայաստանի իրավապահները չեն շտապում կալանքի միջնորդություն ներկայացնել, քանի որ հստակ չէ՝ ինչպես են կազմակերպելու հաջորդ քայլերը։
«Եթե համարվի, որ նա Ռուսաստանի Դաշնության տարածքում է գտնվում, ապա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պետք է, իհարկե, դիմեն դատարան որպեսզի նրա նկատմամբ ընտրվի կալանքը որպես խափանման միջոց, որպեսզի հանձնման պահանջ կարողանան ներկայացնել. ընդհանրապես, ես տեղյակ չեմ, որ հանձնման պահանջ ներկայացված լինի հայկական կողմից», - ասաց Սահակյանը։
Որտե՞ղ է կայանալու Պերմյակովի դեմ դատական նիստը, ո՞ր երկիրն է արդարադատությունն իրականացնելու,այս հարցերին հստակ պատասխան Հայաստանի գլխավոր դատախազությունը այդպես էլ երեկ չտվեց:
Քննչական կոմիտեն մինչև այսօր ժամը 18։00-ը ևս հանդես չեկավ հայտարարությամբ: «Ազատության» հետ զրույցում իրավաբանները շարունակում են պնդել, որ ամբողջ գործընթացը իրավաչափ չէ:
Հիշեցնենք, որ հանցագործությունից 4 օր անց հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը կալանվորվեց Ռուսաստանի դատարանի որոշմամբ, մեղադրաքն էլ առաջադրվեց Ռուսաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով ՝զենքով դասալքության և սպանություն հատկանիշներով: