Մատչելիության հղումներ

Շիրակի թեմի առաջնորդ․ Ժողովուրդը իրավաբանական տերմիններով չէ, որ պետք է հանգստանա


Հայաստան - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմում է ցուցարարներին, Գյումրի, 15-ը հունվարի, 2015թ․
Հայաստան - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դիմում է ցուցարարներին, Գյումրի, 15-ը հունվարի, 2015թ․

Ընդամենը հինգ րոպեի գործողությունը հինգ օր է՝ չի կատարվում, շեշտում է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, «Ազատության» հետ զրույցում խոսելով Գյումրիում հինգշաբթի օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին, տարակուսանք հայտնեց, թե ինչու ռուսական կողմը Հայաստանի իրավապահներին չի հանձնում հունվարի 12-ի սպանդի գործով մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:

«Չգիտեմ՝ ինչու, չգիտեմ՝ ինչպես, չգիտեմ՝ ում թերացումով այդ ոճրագործը չի հանձնվում Հայաստանի իրավապահ մարմիններին, և ժողովրդի պահանջը միայն այդ էր, որ հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին: Եթե մարդիկ իմանան, որ հայ իրավապահների ձեռքում է այդ ոճրագործը, կհանգստանան: Էդ էր պահանջը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

«Ժողովրդին գրգռեց այն հայտարարությունը, որ ասացին, որ Ռուսաստանը չի հանձնելու իր զինվորին: Չգիտեմ՝ ինչն է բարդությունը, ընդամենը հինգ րոպեի գործողությունը հինգ օր է՝ չի կատարվում, և չգիտեմ՝ երբ պիտի կատարվի», - հայտարարեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ շարունակելով․ - «Ընդամենը մի վիժվածք պետք է ռուսները հանձնեն հայերին՝ չեն հանձնելու «Լինչի դատաստանի» համար, հանձնելու են իրավապահ մարմիններին: Ինչու չեն հանձնում՝ մեր մեղքով, մեր անողնաշար լինելու մեղքով, թե ռուսների ամբարտավան լինելու մեղքով՝ ես չեմ կարող ասել, իրավասու չեմ ասելու»:

«Պաշտոնյաներին կոչ եմ արել՝ ամեն ինչ անեն, որպեսզի Ռուսաստանը հանձնեի այդ վիժվածքին հայ իրավապահ մարմիններին: Ինչ-որ բարդություններ են նկարագրում, որոնք ինձ համար հասկանալի չեն, ըմբռնելի չեն, ընդունելի չեն», - ընդգծեց Միքայել սրբազանը:

«Հուզված ժողովուրդը իրավաբանական տերմիններով չէ, որ պետք է հանգստանա, ինքը ռեալ գործողությամբ պետք է հանգստանա, և իր ուզածը մեծ բան չէ, ասում է՝ հանձնեք ոճրագործին հայ իրավապահ մարմիններին, չի ասում՝ տվեք սպանենք», - ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG