Հայաստանի վեց քաղաքացիների սպանության գործի քննությունը ռուսական կողմին հանձնելու որոշումը, ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի, քաղաքական որոշում է:
Նրա համոզմամբ՝ այս քայլով Հայաստանի գլխավոր դատախազությունը խախտել է իրավական բոլոր նորմերը․ - «Արձանագրենք միանգամից, որ հանցագործությունը կոծկվել է: Հատկապես, որ առաջին պահից էլ չկար այդ միտումը՝ բացահայտելու և հանրությանը ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել: Կարելի էր ներկայացնել հանգամանքներ, որպեսզի մարդիկ քիչ թե շատ հասկանային, որ իրենք պաշտպանված են այս երկրում, և իշխանությունը մտադիր է բացահայտել այս հանցագործությունը»:
Այդ հանցագործության քննությունն ու դրա ընթացքի թափանցիկությունը, ըստ իրավապաշտպանի, ձեռնտու չէ Հայաստանի իշխանություններին: Նա արձանագրեց, թե դեպքից անմիջապես հետո քաղաքական գործիչներն ու զինվորական բարձրաստիճան հրամանատարները սկսեցին շեղել հասարակության ուշադրությունը․ - «Առաջին իսկ պահից մենք լսել ենք քաղաքական հայտարարություններ՝ կանխել հակառուսական տրամադրությունները: Մի բան, որ իսպառ բացակայում է Հայաստանում: Այս քարոզչությունը հենց կոծկեց հանցագործությունը: Այսպես ասած՝ տակից արվեց այն, որ հանձնվեց Ռուսաստանի իշխանություններին»:
Հայաստանի հելսինկյան կոմիտեում նույնպես վստահ են, որ կայացվել է քաղաքական որոշում: Կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանի կարծիքով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ, անկախ կասկածյալի ազգությունից, նա պետք է կանգներ հայաստանյան դատարանի առջև:
«Սա տիրոջ և հպատակի հարաբերություններ են՝ առանց հաշվի առնելու կամ թքած ունենալով հաշվի առնելու հետևանքները: Հայաստանի ամբողջ և՛ դատաիրավական համակարգը, և՛ քաղաքական համակարգը հայտնվեց ծիծաղելի վիճակում: Ես բացատրություն չեմ տեսնում: Մենք նվաստացած վիճակում հայտնվեցինք այս դեպքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար ակնհայտ է մեկ բան՝ Հայաստանի քաղաքացին սեփական երկրում օտարազգիների հանցագործություններից պաշտպանվելու հարցում հույսը չպետք է դնի իր պետության վրա․ - «Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանության դիրքերում հանդես չեն գալիս: Սա փաստ է այլևս: Տխուր փաստ»:
Իրավապաշպաններին անհանգստացնում է այն, որ ցայսօր որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի գնացել դեպքի վայր, չի կանգնել գյումրեցիների կողքին: Եվ դա այն դեպքում, երբ ողջ քաղաքում վախի մթնոլորտ էր տիրում:
«Առաջին հերթին պետք է այցելեին այդ ընտանիքին: Սա արվում է բոլոր այն երկրներում, որտեղ կա մի փոքր անգամ մարդկային գործոն: Եվ երբ Սեյրան Օհանյանը, որը իր վրա է վերցրել այդ ամբողջ քարոզչությունը, այցելում է Գյումրի՝ իր գործընկերոջ հետ հանդիպելու, լավ կլինի, որ այցելի նաև այդ ընտանիքին, որ մարդիկ հասկանան, որ իրենք պաշտպանված են պետության կողմից», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:
«Սերժ Սարգսյանը պետք է խոսի անպայման: Լռում է: Ազգային ժողովը պետք է հրատապ հրավիրի արտահերթ նիստ․․․ և այս հարցը բավական լուրջ դրվեր: Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության պարտավորությունը ունեցող պետական մարմինների գործառույթները մենք պետք է տեսնեինք, որը մենք չենք տեսնում»: