Մատչելիության հղումներ

«2015-ին Հայաստանին ավելի ծանր տնտեսական ճգնաժամ է սպասվում». ԿԲ նախկին ղեկավար


«2015-ին Հայաստանին ավելի ծանր տնտեսական ճգնաժամ է սպասվում». ԿԲ նախկին ղեկավար
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Այս տարի Հայաստանին ավելի ծանր տնտեսական ճգնաժամ է սպասվում, քան գրանցվեց 2009-ին, համոզված է Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը։

«Ազատության» հետ զրույցում տնտեսագետը հավելեց՝ երկիրը մուտք է գործել ճգնաժամային տարի անպատրաստ, և անգամ 2015-ի պետական բյուջեն չի արտացոլում արդեն այսօր առկա իրողությունները:

«Այն ժամանակ խնդիրները շատ էին, բայց նաև դիվերսիֆիկացված էին։ Մի տեղից՝ արտաքին աշխարհից ստացված հարվածը ծածկվում էր մյուս տեղի առավելություններով»,- ընդգծեց Ասատրյանը։

«Այսօր Հայաստանը միանշանակ ինչ-որ ուղղություն է վերցրել, խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է»,- շարունակեց Ասատրյանը.- «Այսօր ակամայից Հայաստանը իր տնտեսական զարգացումները կապել է որոշակի տնտեսական միջավայրի հետ, որն ունի իր բնութագրերը՝ նաև սպասումների իմաստով։ ԵՏՄ-ում որոշիչը Ռուսաստանն է, կարծես որևէ մեկը կասկած չունի, որ այդ երկրի տնտեսությանը առաջիկա 3 տարիների ընթացքում սպասում է անկում»։

Պաշտոնական տվյալներով՝ 2009-ին Հայաստանի տնտեսությունը գրանցեց 14.1 տոկոս անկում, ինչն իր մեծությամբ չորրորդն էր աշխարհում:

Բագրատ Ասատրյանը հավելեց՝ «քաղաքական վճիռներ են կայացվել, որոնք սահմանափակում են մեր հնարավորությունները Արևմուտքից որոշակի ռեսուրսներ ներգրավելու».- «[ԵՄ-ի] ծրագրերը կաշխատեն, միջպետական, ֆինանսական խոշոր հաստատությունները կշարունակեն համարյա նույն ծավալով աշխատել։ Խնդիրն այն է, որ մասնավորը չի գա, այս զարգացումների պատճառով մասնավոր հատվածը ավելի մեծ ռիսկեր է տեսնում և չի գա Հայաստան»։

Բագրատ Ասատրյանը հիշեցրեց՝ 2009-ի տնտեսական ճգնաժամը հետևանքները հաղթահարելու և դրամի կտրուկ արժեզրկումից հետո փոխարժեքը կայուն պահելու համար արտերկրից հսկայական միջոցներ ներգրավվեցին:

«Արտաքին պարտքը մոտավորապես կրկնապատկվեց։ Պետությունը լրացուցիչ մոտ 2 միլիարդ դոլարի համարժեք միջոցներ բերեց, ներարկեց տնտեսության մեջ։ Հիմա 2015 թվականն է, ակնհայտ է, որ այդ աղբյուրը չի աշխատելու։ Թե արտաքին պարտքի մեծությունը, թե երկրի ընդհանուր վիճակը... ակնհայտ է, որ մեզ էլ այդքան պարտք չեն տա», - նկատեց տնտեսագետը։

Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը չի կարծում, թե հայաստանյան ֆինանսական շուկայում դեկտեմբերին նկատված լարվածությունը կարելի է ավարտված համարել։

«Այսօր դեռ տեսանելի չեն այն աղբյուրները, այն լուծումները, որոնք պետք է հանգեցնեն շուկայի կարգավորմանը։ Վաղ, մյուս օրը, թե կլինեն, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Ասատրյանը՝ եզրափակելով.- «2015 թվականը Հայաստանը կփակի ավելի շատ աղքատներով, քան անցած տարի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG