Մատչելիության հղումներ

Գյումրեցիները խոպանը կկարողանան փոխարինել ռուսական ռազմաբազայում ծառայությամբ. քաղաքագետ


Գյումրիում քննարկում են ռուսական բանակում ծառայելու Պուտինի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ հաշվի առնելով Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը, նաև գյումրեցիների սոցիալական վատ վիճակը, շատերը խոպանի փոխարեն կնախընտրեն պայմանագրային ծառայության անցնել ռուսական զորամասերում:

«Աշխատատեղերի բացում կլինի Գյումրիում... եթե հաշվի առնենք, որ գյումրեցիների մեծ մասը գնում է Ռուսաստան աշխատելու ընդամենը ամսական հազար դոլարով և դրա կեսը ծախսում է այնտեղ, լավագույն դեպքում կեսն էլ ուղարկում է Հայաստան՝ իր ընտանիքի անդամներին, ապա Ռուսաստան գնալու մասին այս պարագայում պետք չի լինի մտածել, այլ կարելի է ընդունվել ռուսական ռազմաբազա ծառայության և այդ 500 դոլարը վաստակել ու ծախսել տեղում»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը։

Հունվարի 2-ին Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի օտարերկրյա քաղաքացիները ևս կարող են պայմանագրային հիմունքներով ռուսական բանակում անցնել ծառայության: Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Ռուսատանի տնտեսական վիճակն է ստիպել Պուտինին նման հրամանագիր ստորագրել: Նրա խոսքով, այսպիսով, Ռուսաստանը օտարերկրացի զինծառայողներին կկարողանա ավելի քիչ վճարել, քան այժմ վճարում է սեփական քաղաքացի զինծառայողներին։

Համբարյանը մտավախություն ունի, որ ռուսական ռազմաբազաներում պայմանագրային ծառայություն անցնողներին հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն կտրամադրեն։

«Այդ քաղաքացիության տրամադրումը կարող է հանգեցնել նրան, որ մեծ թվով մարդիկ կընդունեն ՌԴ քաղաքացիություն, որովհետև այնտեղ ապագայում թոշակ ստանալը ավելի բարձր է, սոցիալական նպաստներն են բարձր։ Այնպես որ աշխատատեղերի հետ մեկտեղ մենք նաև կունենանք բնակչության կորուստ»,- ասաց նա։

Ռուսական բանակում պայմանագրային հիմունքներով կարող են ծառայել 18-30 տարեկան երիտասարդները: Պայմանգիրը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Ռուսական ռազմաբազայի տեղակայման առաջին տարիներին բավականին մեծ թվով հայեր ծառայության անցած ռուսական զորամասերում: Հետո ռուսական կողմը նպատակահարմար չգտավ, ու հայերին աշխատանքից ազատեցին, փոխարենը բարձր աշխատավարձով ռուս զինծառայողների էր տեղափոխում Ռուսաստանից:

Գագիկ Համբարյանը նաև նշեց, որ Պուտինի հրամանագրով պայմանագրային հիմունքներով ծառայող օտարերկրացին կարող է անհրաժեշտության դեպքում պատերազմական թեժ կետեր ուղարկվել:

«Կա այդ կետը, որ Ռուսաստանը իրավունք ունի պայմանագրային ծառայողներին ուղարկել թեժ գոտիներ։ Դա արդեն պայմանագիրը կնքողի անձնական գործն է՝ համաձա՞յն է, թե՝ ոչ»,- նշեց քաղաքագետը։

Արդյոք այս հրամանագրով Ռուսաստանը չի փորձո՞ւմ միջամտել այլ երկրների, այդ թվում և Հայաստանի ռազմական խնդիրներին. - «Ինքնըստինքյան, բայց մենք պետք է չմոռանանք, որ ՀՀ անվտանգության հայեցակարգում է նշված, որ մեր անվտանգությունը չենք պատկերացնում առանց ռուսական բազայի։ ՀՀ անվտանգությունը շատ դեպքերում նաև պայմանավորված է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայով»։

Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ տեղակայված ռուսական ռազմաբազային անհատույց տարածքներ տրամադրելուց բացի հայկական կողմը հոգում է նաև ծախսերի կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG