Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Հակառակորդը հրադադարը խախտել է 400 անգամ, արձակել 5500 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին լուրերը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (7 արկ) և ՌՊԳ-7 (5 արկ) ու ԳՊ-25 (2 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար 500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին վերջին շրջանում համացանցում հայտնված տեղեկություններին, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն: Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:

Շեշտելով, որ խաղաղ բնակավայրերը Պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ, Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է, որ «տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ - ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG