Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և ետ շպրտվել


Հայկական բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Հայկական բանակի զինվորը դիրքերում, արխիվ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության՝ հակառակորդը կորուստներ է կրել, հայկական կողմից զոհվել է երկու զինծառայող, մեկը վիրավորվել է:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։

Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

«Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է:

«Իրավիճակը վերահսկելի է, բնական է, որ հակառակորդը փորձում է հատկապես այս տոնական օրերին յուրովի «շնորհավորել» մեր Նոր տարին, բայց ասեմ, որ ստանալու է նույնպիսի «շնորհավորականներ», նույնպիսի «բարեմաղթանքներ», - հայտարարեց Բաբայանը։

«Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ դիվերսիոն գործողություններ լինեն նաև առաջիկա օրերին, Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը պատասխանեց. - «Դժբախտաբար, գիտեք, հակառակորդը այդպիսի քաղաքականությունը որդեգրել է որպես իր հիմնական, այսպես ասած, պահելաձևերից մեկը, և կարծում եմ՝ շարունակվելու է»։ «Լարվածությունը, իհարկե, ստանալով համապատասխան հակահարված՝ նրանք միշտ հանգստանում են», - հավելեց Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գիշերվա իրադարձությունների արդյունքում վիրավորված զինծառայող Վոլոդյա Հարությունյանը, Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում. - «Վիրավորի առողջությանը ներկա դրությամբ որևէ բան չի սպառնում, նրա առողջական վիճակը արդեն կայուն է։ Եղել է վիրահատություն, նորմալ անց է կացրել և նորմալ վիճակում է»։

«Նրանք փորում են իրենց իսկ փոսը»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»:

Բաքվի այս հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը հետևյալ կերպ արձագանքեց. - «Գիտեք, ի՞նչ պիտի ասենք հոգեկան խանգարումներ և մոլագար բնավորություն ունեցող մարդկանց մասին՝ ոչ մի բան։ Այսինքն, եթե նրանք նման պահվածք են ցուցաբերում ամեն ժամանակ, նույնիսկ՝ այս տոնական օրերին, բնական է, որ սա չի կարող նորմալ մարդու տպավորություն թողնել և նորմալ, էսպես ասած, ինչ-որ ձևով մեկնաբանության արժանանալ։ Նրանք ուղղակի ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց իրական դեմքը, և այսպիսի քաղաքականությամբ նրանք փորում են իրենց իսկ փոսը՝ ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»։

Այս տարի Բաքվում պետք է անցկացվեն համաեվրոպական առաջին Օլիմպիական խաղերը: Դավիթ Բաբայանը տարակուսում է, թե ինչպես է քաղաքակիթ Եվրոպան որոշել խաղերը անցկացնել մի երկրում, որը Օլիմպիադայի անցկացման ժամանակահատվածին հատուկ կանոնները անգամ չի պահպանում:

«Հին աշխարհում, գիտեք, որ Օլիմպիական խաղերը նաև այսպիսի ժամկետ էր, որ պատերազմներ ու բախումներ չէր լինում, մորատորիում էր, այսպես ասած, օլիմպիական։ Բայց այդ պետությունը նույնիսկ դա չի հարգում», - շեշտեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը՝ շարունակելով. - «Ի՞նչ կարելի է ասել այս ուղղությամբ՝ միայն ափսոսանք, բայց համապատասխան գործողությունները նրանք միշտ պիտի հակահարվածը զգան. միայն դա է իրենց պահում համեմատաբար ավելի, այսպես ասած, «կայուն և հանգիստ» իրավիճակում»։

«Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է»

Ժամեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նույնպես վստահեցնելով , որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն «Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը»:

Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում «այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015 թվականի սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը, և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը»:

«Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թվականին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Բաքվին սթափեցնելու կոչ միջազգային հանրությանը

Երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությունները և իր խորին ցավակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին։

«Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ շարունակելով. - «Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG