Առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով երկու ամսով կալանավորված Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի փաստաբաններն ուիրավապաշտպանները հայտարարում են, թե իրավապահները՝ այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, այս գործով մի շարք խախտումներ են թույլ տվել։ Դա, ըստ վերջիններիս, կասկածի տակ է դնում գործի արդար քննությունը։
20 հազար դոլարի կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված դատավոր Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Կարեն Թումանյանը։
Փաստաբանը մի շարք խախտումներ է մատնանշում՝ առաջին հերթին առանձնացնելով օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսագրությունը։
Դրանում երևում է, որ ինչ-որ մեկը դատավորի աշխատասենյակ է մտնում՝ նրա սեղանին դնելով դոլարի տրցակները։ Այնուհետև, նույն այդ քաղաքացին գումարը տեղավորում է դատավորի դարակում։ Խաչատուր Խաչատրյանը, հրապարակված տեսանյութում,չի ընդդիմանում, բայց և որևէ կերպ իր խոսքում չի անդրադառնում գումարը ստանալու հանգամանքին։
Փասաբան Թումանյանն ասում է, թե Ազգային անվտանգության ծառայությունն իրավունք չուներ հրապարակելու տեսագրությունը։ Դատավորի պաշտպանը պնդում է, որ տեսանյութը մոնտաժված է, քանի որ քաղաքացին դատավորի աշխատասենյակում մնացել է դրա տևողությունից ավելի երկար:
Թումանյանը մտադիր է վիճարկել ԱԱԾ-ի այս գործողությունը: Նրա համոզմամբ, եթե հայաստանյան դատական ատյանները սա չորակեն անմեղության կանխավարկածի խախտում, ապա Եվրոպական դատարանը նման գնահատակն հաստատ կտա:
«Նախ՝ անմեղության կանխավարկածի խախտում, հետո դա ամբողջ դատական համակարգի վերաբրեյալ ստորացման միտում կա: Ամբողջ դատական համակարգը էդ տեսանյութով ստորացրեցին», - ասաց Թումանյանը:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, դատավորը 20 հազարդոլար է պահանջել Վանաձորում հայտնի՝ «եվրոպատուհաններ» արտադրող «Զոսեկար» ընկերության ղեկավար Սեյրան Կարապետյանից։ Ըստ պաշտոնական հաղորդման, գումարի դիմաց դատավորը «Զոսեկար»-ի սնանկության գործընթացում նրա օգտին գործողություններ է կատարել։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք տեսանյութից երևում է, որ դատավորը ինչ-որ գործի շրջանակում կաշառք է վերցնում, փաստաբանը պատասխանեց, որ տեսանյութից պարզ չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը, կան մի շարք այլ հարցեր ևս, որոնց քննության ընթացքում պատասխան պետք է տրվի։ Կալանավորված դատավորն առայժմ ցուցմունք չի տվել:
«Բա որ ցուցմունք տա ու ասի, թե ինձ պարտք էր ու տվել է, օրինակ, ի՞նչ են պատասխանելու: Նյութը ցանկացած մարդ լսեն, նայեն, էդտեղ գործի մասին խոսք չի գնում: Միակողմանի տրված տեղեկատվությունը դեռ բավարար չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց փաստաբանը:
Նա այլ խախտումների էլ է անդրադառնում։ Մասնավորապես,ուշադրություն է հրավիրում մինչև ձերբակալման մասին որոշում կայացնելը դատավորին մի քանի ժամ ԱԱԾ-ում անօրինական պահելու հանգամանքի վրա։
Հաջորդ խախտումը, ըստ Թումանյանի, Արդարադատության խորհրդի կողմից Խաչատրյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար հանրապետության նախագահին դիմում ուղղելն է։ Թումանյանը հիշեցնում է՝ Արդարադատության խորհրդի առաջին դիմումը նախագահը մերժել է՝ հիմքեր չներկայացնելու պատճառով։
Երկրորդ դիմումին նախագահը արդեն դրական պատասխան է տվել։ Դատավորի պաշտպանն ասում է, որ հայտնի իրավաբաններից բաղկացած այդ խորհուրդը տարրական սխալ է թույլ տվել՝ անտեսելով այն, որ նույն հարցով երկրորդ անգամ իրավունք չուներ դիմելու նախագահին:
Այս ամենը դատավորի պաշտպաններին թույլ է տալիս եզրահանգել, որ այս գործով Խաչատրյանին պարզապես քավության նոխազ են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարում։
Իրավապաշտպանները ևս քննադատում են իրավապահներին՝ մարդու իրավուքների կոպիտ խախտումների համար։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս գործը չի համարումկառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողություն։
«Սա մի շուո է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ: Քչերը երևի կխաբվեն էս շոույին: Սա արվում է դատավորներին վերահսկելու վերահսկողության տակ պահելու համար, որ եթե որևէ մեկը իրենց ուզածից մի միլիմետր շեղվի, այս ճակատագրին է արժանանալու», - ասաց Ալեքսանյանը:
Ալեքսանյանը, քննադատելով գլխավոր դատախազին, հարց է տալիս՝ իրականում հասկանալի չէ, թե ինչի մասին է շրջանառվածտեսագրությունը։ Ըստ իրավապաշտպանի, այս ամենի պատասխանատվությունը նախագահ Սարգսյանի ուսերին է, ովդատավորներին անկախ գործելու հնարավորություն չի տալիս։
«Սա արվում է մարդուն նվաստացնելով, հեռուստատեսությունը ցույց է տալիս այդ շոուն՝ ամբողջությամբ ստորացնելով այդ մարդուն, զրկելով պաշտպանության իրավունքից, միակողմանի ներկայացնելով այն, ինչ ուզում է Դատախազությունը: Ես շատ զարմացած եմ Գևորգ Կոստանյան կոռուպցիայի դեմ «պայքարից», - ընդգծեց իրավապաշտպանը: