Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվեց ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման


Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման

Այսօր Ստեփանակերտում ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց անցած հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը:

Այսօր Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց անցած հուլիսին ԼՂ պետական սահմանը ապօրինաբար հատած երկու ադրբեջանցիների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռը:

Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ դատավարությունը անցել է միջազգային բոլոր նորմերին համապատասխան, բաց ու թափանցիկ․ - «Այդ մարդիկ ունեցել են իրենց դատապաշտպաններին: Անկախ նրանից, ինչքան էլ որ դա հոգեբանորեն դժվար չլիներ, ինչքան էլ որ նրանց դեմ բոլորակ մեղադրանքները հիմնավորված չլինեին, միևնույն է, Արցախի հանրապետությունը, լինելով ժողովրդավարական պետություն, որևէ խտրականություն այստեղ չի ներկայացրել, չի կիրառել, և այդ մարդիկ ստացել են այն պատիժը, որում նրանց մեղադրում էին, և որևէ կողմնապահ մոտեցում և այլն, այստեղ չկա: Ուղղակի նրանց հանցանքները այնքան ծանր էին, որ նրանք ստացան այդպիսի պատիժ»:

Դատապարտյալները մեկամսյա ժամկետում կարող են վճիռը բողոքարկել Լեռնային Ղարաբաղի վերաքննիչ դատարանում։ Իսկ Ասկերովը, որպես ցմահ դատապարտյալ, հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել ԼՂ նախագահին։

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պաշտոնական Բաքուն դիմի Ստեփանակերտին՝ ադրբեջանցիների արտահանձման հարցով, Հայաստանի կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը պատասխանեց․ - «Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան պետությունը և համապատասխան իշխանություններին: Ո՞ւմ պետք է նրանք դիմեն: Այդ անձինք Հայաստանի Հանրապետությունում չեն դատապարտվել, Հայաստանի Հանրապետության տարածքում չեն հանցագործություն կատարել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նկատմամբ ոտնձգություն չեն կատարել: Այդ ամեն ինչը Լեռնային Ղարաբաղի տարածքում է տեղի ունեցել: Արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունը կգնա այդ քայլին՝ կողմնակիորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին դե յուրե, որպեսզի հանձնման մասին միջնորդությամբ դիմի Լեռնային Ղարաբաղի համապատասխան իշխանություններին: Այս իրավական հարցը ինչ-որ միջազգային ատյանների ասպարեզում չի գտնվում: Այստեղ երկկողմ հարաբերությունների խնդիր է»:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, այս դիվերսիան տվյալներ հավաքագրելուց բացի, քաղաքական նպատակով է իրականացվել: Ըստ իրավապաշտպանի, հիմա Բաքուն կարող է հայտարարել, որ հայկական կողմը մարդկանց ազատազրկում է՝ գոյություն չունեցող սահման անցնելու համար:

Ինչ վերաբերվում է արտահանձնմանը, ապա ելնելով Ադրբեջանի դրևորած պահվածքից, երբ մարդասպանություն իրակացրած Ռամիլ Սաֆարովը Եվրոպայից տեղափոխվեց Ադրբեջան և այնտեղ հերոսացվեց, Լարիսա Ալավերդկանը գտնում է, որ արդարացի կլինի, եթե դատապարտյալները պատիժը կրեն Լեռնային Ղարաբաղում:

«Ընդհանրապես միջազգային թե՛ իրավունքը, թե՛ պրակտիկան չի բացառում, որ արդեն դատապարտվելուց հետո տեղափոխվեն այն երկիրը, որի քաղաքացի են: Պարզապես բոլորը հիշում են Ռամիլ Սաֆարովի սինդրոմը: Եվ ավելին՝ արդեն բոլորս գիտենք, որ Ադրբեջանում խրախուսվել են իրենք, ընտանիքներին բնակարան է տրվել: Կրկնվում է նույն գիծը կամ քաղաքականությունը, որ ոչ միայն հայի սպանությունը հանցագործություն չի համարվում․․․ մինչև անգամ դրա համար տարբեր ձևերով խրախուսվում են: Ռամիլ Սաֆարովին աշխատավարձ տալը նշանակում է, որ դա պետության կողմից վարձատրվող աշխատանք է: Նույնը տվյալ դեպքում»:

XS
SM
MD
LG