Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը ցանկություն հայտնեց, որ 2015 թվականը ժողովրդի, երկրի քաղաքական ուժերի համար լինի հանդուրժողականության տարի, իսկ հասարակությունից համբերություն ու ժամանակ խնդրեց՝ խնդիրները լուծելու համար։
«Բոլորս ունենանք մի կարծիք՝ ոնց անենք, որ մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրի, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսությունը, և դա ես կարծում եմ հնարավոր է անել միասնական ուժերով», - ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է անցնող տարվա ընթացքում վարչապետի ու կառավարության հասցեին հնչած քննադատություններին, ապա Հովիկ Աբրահամյանի խոսքով, օբյեկտիվ քննադատություններն ընդունվում են ի գիտություն և փորձում են շտկել։
«Իսկ օդացունց հայտարարությունների կողքով անցնում ենք աննկատելի և մենք չենք շեղվելու մեր ճանապարհից: Բոլորը հասկանում են, որ մենք ունենք խնդիրներ չլուծված, և ես կարծում եմ, որ մենք ունենք այդ ուժը, հնարավորությունը, փորձը, որպեսզի 2015 թվականին նորից շարունակենք այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են մեր երկրում, մեր ժողովրդի առջև ծառացած, փորձենք լուծում տանք», - ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշում է, որ բոլորը, նաև քննադատողները պետք է հասկանան, որ խնդիրը միանգամից հնարավոր չէ լուծել․ - «Պարբերաբար, արձանագրելով գերակա ուղղությունները, պետք է փորձենք լուծելով գնալ, բայց որ մեզ համար դա լինելու է մեր քաղաքացու բարեկեցությունը, դա աքսիոմ է: 2014 թվականը լի էր մարտահրավերներով, բայց մենք փորձեցինք հաղթահարել: Եվ ձեռքբերումների, և մարտահրավերների տարի էր»:
Ըստ գործադիրի ղեկավարի, կառավարության ձեռքբերումները բազմաթիվ են։ Աբրահամյանն ընդգծեց, որ ամենակարևորն այն է, որ ձևավորել են պրոֆեսիոնալ թիմ․ - «Պարզ է, որ մայիս ամսին ձևավորված կառավարությունը չի լուծելու այն տարիների ընթացքում կուտակված խոչընդոտները, բայց որ լուծելով գնալու ենք այդ խնդիրները․․․ Դրա համար մեր հասարակությունից խնդրում ենք համբերություն և ժամանակ»:
Վարչապետն անդրադարձավ նաև բացթողումներին․ - «Այն, որ մենք չկարողացանք այնպես անել, որ մեր երկրում մեր ժողովուրդը ավելի բարեկեցիկ ապրի, ոնց որ մենք ենք ուզում: Քանի որ մենք հայտարարել ենք, որ մեր քաղաքացու բարեկեցությունն է մեր համար առաջին խնդիրը, ես, օրինակ, կուզեի, որ աղքատությունը կրճատվեր, աշխատատեղեր ստեղծվեին, համոզված եմ, որ 2015, 2016 թվականներին, մենք այդ խնդիրներին լուծում կտանք»:
Խոսելով վերջին օրերին դրամի արժեզրկման մասին՝ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ որևէ լուրջ տատանում ու ցնցում չի լինի։ Պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ պատկան մարմինները կառավարության աջակցությամբ կանեն ամեն ինչ, որ մեծ լարվածություն չառաջանա։