Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը


Ադրբեջանի դատախազության աշխատողները ներխուժել են «Ազատության» գրասենյակ
please wait

No media source currently available

0:00 0:00:14 0:00

Քննիչները հայտնել են, թե խուզարկության մասին որոշումը կայացվել է ռադիոկայանի` որպես արտերկրից ֆինանսավորվող կառույցի գործունեության հետաքննության շրջանակում:

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը:

Այսօր մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը:

Խուզարկության պրոցեսը ղեկավարող Ադրբեջանի դատախազության քննիչ Սենան Փաշաևը`քննչական գործողությունների ավարտին հրաժարվել է «Ազատության» Բաքվի գրասենյակի շահերը ներկայացնող փաստաբան Յալչին Իմանովին փոխանցել դռների կապարակնքման, ինչպես նաև խուզարկության արձանագրությունները:

Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից,Oxfam-ից և IREX-ից հետո, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում:

«Ազատության» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում խուզարկությունը մեկնարկեց այսօր առավոտյան: Ադրբեջանի գլխավոր դատախազության մոտ 10 աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբը Բաքվի կենտրոնում գտնվող «Կասպիան պլազա» բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված է ռադիոկայանի գրասենյակը, ժամանեց աշխատանքային օրվա սկզբին` Բաքվի ժամանակով ժամը 10:30-ին:

«Թուրան» գործակալության տեղեկություններով՝ «Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցներին քննիչները սկզբում փակել են սենյակներից մեկում, ժամեր շարունակ նրանք զրկված էին արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինտերնետն ու հեռախոսակապը բյուրոյում անջատված են: Քննչական գործողությունների առաջին ժամերին գրասենյակից արտաքին աշխարհին հասած միակ վիզուալ տեղեկատվությունը ապակեպատ դռան հետևից նկարահանված կես րոպեից էլ պակաս տևողությամբ տեսագրությունն էր, որում կարելի է նշմարել համակարգիչների մոտ խմբված քննիչներին: Բացի այդ, համացանցում էր հայտնվել գրասենյակի` փակի տակ գտնվող աշխատակիցների այսպես կոչված «խմբակային սելֆին»:

Կեսօրին մոտ քննիչները հրահանգել են ռադիոկայանի աշխատակիցներին լքել գրասենյակի տարածքը՝ նշելով, որ առժամանակ լրատվամիջոցը պետք է դադարեցնի աշխատանքը: Դատախազության աշխատակիցները, սակայն, չեն հստակեցրել, թե դեռ որքան ժամանակ «Ազատության» Բաքվի բյուրոյի գործունեությունը կշարունակի կաթվածահար վիճակում մնալ: Երկար վիճաբանություններից հետո իրավապահները թույլատրել են, որպեսզի քննչական գործողություններին հետևելու նպատակով գրասենյակում մնան բյուրոյի տնօրենը, լրագրողներից երկուսն ու փաստաբան Յալչին Իմանովը:

Դատախազության աշխատակիցները «Ազատության» Բաքվի գրասենյակի ղեկավարությունից պահանջում են իրենց տրամադրել մի շարք պաշտոնական փաստաթղթեր` հակառակ պարագայում սպառնալով առգրավել բոլոր համակարգիչները:

Ինչ վերաբերում է դատախազության գործողությունների պատճառներին, ապա քննիչները «Ազատության» լրագրողներին հայտնել են, թե խուզարկության մասին որոշումը կայացվել է ռադիոկայանի` որպես արտերկրից ֆինանսավորվող կառույցի գործունեության հետաքննության շրջանակում: Ավելին՝ քննիչները պնդել էին, թե իրենց ձեռքի տակ է «Ազատության» Բաքվի բյուրոն փակելու մասին դատարանի որոշումը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովն էլ հավելել է, թե այսօրվա քննչական գործողությունները իրականացնում են ծանր հանցագործությունների քննության գծով վարչության աշխատակիցները` իրենց վարույթում գտնվող քրեական գործերից մեկի հետաքննության շրջանակներում: Թե հատկապես որ քրեական գործի մասին է խոսքը` Սուլթանովը չի հստակեցրել:

«Կարելի է ենթադրել, որ դատախազության աշխատակիցները նկատի ունեն այն նույն քրեական գործը, որի շրջանակում տասնյակ հասարակական կազմակերպություններ մեղադրվում են օտարերկրյա դոնորների կողմից ստացվող միջոցներն իրացնելու ընթացքում հարկերից խուսափելու և խարդախության մեջ», - գրում է «Թուրան» գործակալությունը:

Հիշեցնենք, որ «Թուրան»-ի կողմից հիշատակվող հետաքննության շրջանակում արդեն իսկ փակվել են ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի` NDI, Oxfam-ի և IREX-ի Բաքվի ներկայացուցչությունները:

Դեկտեմբերի 17-ին, ի դեպ, դատախազության աշխատակիցներն արդեն իսկ այցելել էին «Ազատության» Բաքվի բյուրո` գրասենյակի ղեկավարությունից պահանջելով իրավապահներին տրամադրել լրագրողներին վճարվող աշխատավարձերի մասին ամբողջ տեղեկատվությունը:

Հարկ է նկատել, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության շուրջ իրադարձությունները սկսեցին սրընթաց կերպով զարգանալ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը հանդես եկավ հայտարարությամբ` պնդելով, թե «Ազատության» ադրբեջանական խմբագրությունն սպասարկում է օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերը: Սրան զուգահեռ՝ ձերբակալվեց «Ազատության» ադրբեջանական ծառայության առաջատար լրագրողներից մեկը` «Ազատության» Բաքվի բյուրոյի նախկին տնօրեն Խադիջա Իսմայիլովան:

Ի դեպ, այն նույն ժամերին, երբ դատախազությունը խուզարկություն էր իրականացնում «Ազատության» Բաքվի բյուրոյում, Սաբաիլի շրջանային դատարանը մերժեց Իսմայիլովայի փաստաբանների ներկայացրած հայցը, որով նրանք պահանջում էին փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոցը: Դատապաշտպանները պահանջում էին Իսմայիլովային ազատ արձակել քննչական մեկուսարանից և նրա հանդեպ կիրառել տնային կալանքի ռեժիմը:

Ամենավերևից եկած պատվեր

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջ

Բաքվում ծավալված իրադարձությունների առթիվ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

«Սա Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների աղաղակող խախտում է», - նշել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը՝ հավելելով․ - «Հրահանգն իջեցվել է ամենավերևից`որպես վրեժխնդրության դրսևորում և մեզ լռեցնելու բռնի փորձ: Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի գործող վարչակազմը փորձում է լռեցնել մեզ: Բայց միևնույն է՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, որպեսզի ապահովենք շարքային ադրբեջանցիների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկություններ հաղորդենք այն լսարանին, որը դրա կարիքն ունի»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևի խոսքով էլ՝ այն, ինչ կատարվում է այսօր Բաքվի գրասենյակի շուրջ, տեղավորվում է վերջին ամիսներին Ադրբեջանում ծավալվող իրադարձությունների ընդհանուր տրամաբանության մեջ:

«Երկար ժամանակ է արդեն, ինչ ճնշումները լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դեմ Ադրբեջանում շարունակվում են: Այսօր Բաքվի բյուրոյում տեղի ունեցողը ևս մենք դիտարկում ենք անկախ լրատվամիջոցների դեմ ծավալված արշավի համատեքստում», - նշում է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG