Տորոնտոյում հայտնի «Բարբերյան սթեյք-հաուզ» ռեստորանի տեր, ազգությամբ հայ Արոն Բարբերյանը հայտնվել է կանադական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նա YouTube կայքում տեսանյութեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է ռեստորանատերը ծեծի ենթարկում իրեն կողոպտելու փորձ կատարած մի տղամարդու:
«Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում նման դեպքերում», - միջադեպից հետո «Տորոնտո սթար» թերթին պատմել է Բարբերյանը: - «Ես, օրինակ, կատաղել էի»:
Ռեստորանի անվտանգության երկու տեսախցիկների նկարահանած նյութերում երևում է, թե ինչպես է Բարբերյանը, դրամարկղը ձեռքին, փորձում բացել ռեստորանի դուռը և մտնել ներս, երբ նրա մեջքի կողմից մոտեցած ամրակազմ տղամարդը փորձում է խլել դրամարկղը: Հարձակման ենթարկված ռեստորանատերը տղամարդու սվիտերը հագցնում է վերջինիս գլխին ու ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցնելով, նրան հրում դուրս՝ մայթի վրա:
«Երբ նա կանգնեցրեց ինձ ու ճանկեց դրամարկղը, ես տեսա, որ նրա ձեռքում ատրճանակ չկա: Եթե զենք ունենար, ես ձեռքերս վեր էի բարձրացնելու», - պատմել է Բարբերյանը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես կողոպտիչը, հասկանալով, որ այժմ արդեն ինքն է հայտնվել զոհի կարգավիճակում, փորձում է դիմել փախուստի, մինչ Բարբերյանը փորձում է կանխել դա: Այդ պահին ռեստորանից դուրս է նետվում աշխատակիցներից մեկը, փորձում է զանգահարել ոստիկանություն, այնուհետև սկսում է օգնել ռեստորանատիրոջը:
«Ես չէի ուզում խփել նրան», - պատմում է Բարբերյանը, - «Պարզապես ուզում էի ստիպել, որ խելոք նստի, մինչև ոստիկանները գան»:
Ի վերջո կողոպտիչը դիմում է փախուստի:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջադեպի ժամանակ փողոցով անցնող մի կին, տեսնելով ռեստորանի առջև շաղ եկած թղթադրամները, սկսում հավաքել դրանք:
«Այդ կինը բարի սամարացին էր: Նա հավաքել էր ողջ գումարը և հանձնեց ինձ: Մեկ այլ կին իջել է մեքենայից, տեսել իմ [ընկած] հեռախոսն ու գողանալով այն՝ դիմել փոխուստի», - պատմել է Բարբերյանը: Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը ի վերջո կբռնի իրեն կողոպտելու փորձ արած մարդուն:
Բարբերյանը այս միջադեպի մասին տեսանյութերը հրապարակել է YouTube կայքում, իսկ ռեստորանի պաշտոնական Twitter-յան էջում կատակախառն գրառում կա․ - «Ահա թե ինչու չի կարելի կատակել մեր Շեֆի հետ: Խմոր հունցող Արոն Բարբերյանը իրեն գողի տեղ դրած մեկին կարգին հունցել է այսօր առավոտյան»:
«Սա հավանաբար վերջին շրջանում իմ արած ամենահիմար բանն էր՝ ընդամենը երկու հարյուր դոլարի համար կռվի մեջ մտնելը նկատի ունեմ: Բայց գոնե վերջում ծիծաղաշարժ տեսանյութ ստացվեց: Համ էլ սենսացիոն պատմություն է՝ 50 տարեկան, ճերմակած մազերով մարդը ծեծում է երիտասարդ կողոպտչին», - պատմել է հայազգի ռեստորանատերն ու ավելացնելով, թե ընկերներն իրեն կոչում են «Քիլլեր Բ», կատակել է․ - «Ձեռքերդ հեռու փոքրամարմին հայից, եթե արանքում փողի խնդիր կա»: