Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը» ԱԱԾ ղեկավարի հայտարարություններում իրեն ուղղված նախազգուշացում չի տեսնում


«Բարգավաճ Հայաստանը» ԱԱԾ ղեկավարի հայտարարություններում իրեն ուղղված նախազգուշացում չի տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի նախազգուշացումները ԲՀԿ-ին չեն վերաբերում:

Առանց անուններ տալու` ԱԱԾ ղեկավարը կոչ էր արել զերծ մնալ իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից:

«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասին կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություներին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր», - «Արմենպրեսս» գործակալության հաղորդմամբ հայտարարել էր Գորիկ Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ազգային ավտանգության մարմինները չեն պատրաստվում իբրև կողմնակի դիտորդ հետևել այդ իրադարձություներին:

«Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք», - հայտարարել է ԱԱԾ տնօրենը:

Ուշագրավ է, որ Գորիկ Հակոբյանը չի շրջանցել նաև արտերկրի հայկական համայնքներում շտաբեր ձևավորելու գործընթացը՝ ընդգծելով, որ այն ապակառուցողական, պառակտող հետևանքներ է ունենալու Հայաստան- Սփյուռք կապերում:

«Հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները անկախ իրենց ազգային պատկանելությունից այս ոլորտում անելիք չունեն», - ընդգծել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը:

Նշենք, որ Սփյուռքի հայկական օջախներում համաժողովրդական շտաբեր ձևավորելու գործընթացը համակարգում է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ավելին` նոյեմբերի վերջին Օսկանյանը այդ նպատակով այցելել էր Մոսկվա և հենց այնտեղ «Ազատության» հետ զրույցում հատկապես կարևորել էր ռուսաստանաբնակ հայության դերակատարությունը շարժման գործընթացում:

«Սրանք հենց այն մարդիկ են, որոնք արդեն իրենց մասնակցությունը ունեն Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, այն մարդիկ են, որ մեծ ռեսուրսներ ունեն և այն մարդիկ են, որ հիմնականում Կառավարության վարած քաղաքականության հետևանքով են այստեղ հայտնվել: Եվ ամենակարևորը` այն մարդիկ են, որ Հայաստանում արմատական փոփոխություններ լինելու դեպքում, առաջինն են, որ վերադառնալու են Հայաստան: Այնպես որ, համաժողովրդական շարժումը, որ մենք սկսել ենք, խնդիր ենք դրել նաև Սփյուռքին ներգրավել և առաջինը, բնականաբար, պետք է լիներ ռուսաստանահայ համայնքի ներգրավումը», - ասել էր Օսկանյանը:

Չնայած այս հանգամանքին ԲՀԿ խոսնակը պնդում է, թե Գորիկ Հակոբյանի հայտարարությունները իրենց կուսակցությանը չեն վերաբերում:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան

«Անձնական տեսակետս, պատասխանս հետևյալն է` ես ո՛չ կոմպետենտություն, ո՛չ էլ ցանկություն չունեմ մեկնաբանելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությունները: Վստահ եմ` իրենք ունեն լրատվական ծառայություն կամ մամուլի խոսնակ` կարող եք դիմել իրենց: Իր հայտարարությունների մեջ ԲՀԿ-ին ուղղված որևէ բան ես չեմ տեսնում», - մեզ հետ զրույցում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք ԲՀԿ-ն չէ՞ այն միակ ուժը, որը արտերկրում շտաբեր ստեղծելով է զբաղվում, Ուրիխանյանը արձագանքեց. - «Շտաբեր ստեղծում են ոչ իշխանական ուժերը: Դուք բացի շտաբերից թվարկեցիք մի շարք այլ բաներ: Ինչևէ, ես ոչ ցանկություն, ոչ կոմպետենտություն չունեմ մեկնաբանելու իր խոսքերը»:

Ոչ իշխանական ուժերից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, մինչդեռ, եթե իշխանությունները ստիպված են գործի դնել Ազգային անվտանգության ծառայությունը, ուրեմն պարզ է՝ բավական ծանր կացության մեջ են հայտնվել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ոչ միայն ընդդիմադիր ուժերի գործողություններից է անհանգստացած իշխանությունը, այլ, ես կարծում եմ, առաջին հերթին` ինքը շատ լավ գիտի, թե ինչ քաղաքականություն է իրականացրել, սոցիալ-տնտեսական ինչպիսի իրավիճակ է լինելու, ուստիև դրանով անհանգստացած է: Եթե դրան էլ գումարում ենք, որ երեք ընդդիմադիր ուժերը կարող են իսկապես արդեն` ետ նահանջի ճանապարհ էլ չկա, գարնան սկզբին որևէ մեծամասշտաբ գործողություններ իրականացնեն, իհարկե, այդ անհանգստությունը պետք է ավելի խորանա իշխանության մոտ», - մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Մեր հարցին` ի՞նչ նկատի ունի «մեծամասշտաբ քայլեր» ասելով, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. - «Նկատի ունեմ և՛ հանրահավաքներ, և՛ տարբեր զանգվածային այլ միջոցառումներ իշխանափոխության պահանջով: Ես կարծում եմ` դա պետք է տեղի ունենա, որովհետև իսկապես ետ նահանջի ճանապարհ չկա»:

ՀԱԿ-ը դատապարտում է

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր հայտարարություն է տարածել, որում «հասարակությանն ահաբեկելու դատապարտելի փորձ» է որակել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանումսահմանադրական կարգին սպառնացող վտանգի մասին:

«Երկրի սահմանադրական կարգին վտանգ սպառնալու դեպքում իշխանությունները կամ նրա հատուկ ծառայությունները այդ մասին հայտարարում են՝ որոշակի նշելով համապատասխան ուժի կամ ուժերի անունները, որոնք նման գործողություններ կամ կոչեր են արել, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում և ինչը ենթադրում է տարրական բանականությունը: Թե ի՞նչ ուժեր կամ գործիչներ են Հայաստանում իրենց օրենքից դուրս դրել նման գործելակերպով կամ կոչերով, ԱԱԾ պետի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում», - ասված է հայտարարությունում:

Ընդդիմադիր Կոնգրոսը, վերլուծելով, իր ձևակերպմամբ՝ «Գորիկ Հակոբյանի անհասցե մեղադրանքներն ու սպառնալիքները», հայտարարել է․ - «Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը: Եթե Հայաստանի Սահմանադրական կարգին սպառնում է ինչ- որ բան, ապա դա գործող ռեժիմն է և նրա կազմակերպած շարունակական բռնարարքները քաղաքացիների ու քաղաքական ուժերի դեմ: Ուստի Կոնգրեսը այն դիտարկում է հերթական մի օղակ` հասարակությանն ահաբեկելուն ուղղված և ռեժիմի ձեռնարկած վերջին շրջանի բռնարարքների շղթայում (որի վերջին դրվագը ակտիվիստ երիտասարդի վրա հարձակումն էր)` ուղղված համաժողովրդական շարժման թափը կոտրելուն, ինչը դատապարտված է ձախողման»։

XS
SM
MD
LG