Ինչպես այսօր «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Սոնա Տռուզյանը, երեկ Լեռնային Ղարաբաղում նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է շարքային զինծառայող Դավիթ Հրաչյայի Քոլոյանը։
Տռուզյանը հավելեց, որ դեպքի մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:
19-ամյա Դավիթը Երևանից էր։ Զինված ուժերում արձանագրված մահվան այս դեպքը, իրավապաշտպանների տվյալներով, 45-րդն է այս տարի։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այս տարվա դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ կհրապարակեն ավելի ուշ։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպաններից Ժաննա Ալեքսանյանը, սակայն, տարօրինակ է համարում քննչական կոմիտեի այս տեղեկությունը՝ նշելով, որ նման իրավիճակում իրավասու մարմինները այս լուրը կարող էին տարածել դեպքից անմիջապես հետո, այլ ոչ թե գրեթե կես օր անց։ Դեռ մեկ ժամ առաջ թե՛ Հատուկ քննչական կոմիտեն, թե՛ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը դեպքի մանրամասների մասին որևէ հստակ տեղեկություն չէին հաղորդում՝ հայտնելով միայն, որ մահվան դեպք է գրանցվել։
Այս ամենը իրավապաշտպանը տարօրինակ է համարում․ - «Այդ աղքատիկ ինֆորմացիան, որ նրանք տալիս են հանրությունը, ոչինչ չպարունակող: Ինչպե՞ս է մահացել, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, ո՞ւմ գնդակից․․․ ոչ որտեղի՞ց էր զորակոչած, ո՞վ էր․․․ Մենք իրավունք ունենք իմանալու: Գոնե մենք, հասարակական կազմակերպությունները այցելում են այդ ընտանիքներին»:
Իրավապաշտպանները, որոնք պարբերաբար քննադատում են իշխանություններին՝ բանակում տիրող «ամենաթողության մթնոլորտի» համար, նշում են, որ մեկ տարվա ընթացքում բանակում 40 զինվորի մահը ամենևին էլ չի նշանակում, որ զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են, ինչպես տասն օր առաջ հայտարարել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Բանակում մահվան ելքով դեպքերը կտրուկ, էականորեն և անհամադրելիորեն նվազել են», - ասել էր Կոստանյանը: