Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հանդես կգա Հայաստանում բռնությունների մասին հայտարարությամբ


Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Եվրամիությունը շատ շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ, այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնությունների փաստերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան ամփոփեց անցնող տարվա ընթացքում Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշեց հետագա անելիքները, մասնավորապես ընդգծելով, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել նոր իրավիճակում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իրավական բազայի մշակումն ու տարբեր ոլորտներում աջակցության ցուցաբերումը:

Ըստ դեսպանի, 2014 թվականին հենց սրանք են եղել համագործակցության հիմնական թիրախները, որոնք էլ անցած տարի կայացած՝ Եվրամիության վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պետք է տեղ գտնեն Երևանի և Բրյուսելի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրում: Ըստ այդմ, Եվրամիությունը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ երկկողմ համագործակցության նոր ձևաչափի իրավական հիմքերի ամբողջացման ուղղությամբ, հայտարարեց Եվրամիության ներկայացուցիչը:

«Մենք նաև շարունակելու ենք քաջալերել Հայաստանին՝ շարունակել մասնակցել Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակներում գործող համագործակցության բոլոր ձևաչափերին այնքանով, որքանով դրանք չեն հակասում Եվրասիական տնտեսական միության առջև Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին», - ասաց Տրայան Հրիսթեան:

Վերջինս հատկապես կարևոր համարեց Հայաստան-Եվրամիություն առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը, նշելով, որ հայկական կողմի ներկայացրած փաստաթղթի հիման վրա քննարկել են այս ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները, ոլորտներն ու շրջանակը:

«Գոհունակությամբ ուզում են ընդգծել, որ հայկական կողմի հետ արդյունավետ աշխատել ենք այս հարցերի առավելագույն ճշգրտման ուղղությամբ», - ասաց դեսպանը:

Այս համատեքստում Հրիսթեան հիշեցրեց՝ Եվրամիությունը արտաքին առևտրի ոլորտում շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն գործընկերը՝ ներմուծման և արտահանման ծավալների մոտ 27 տոկոս ցուցանիշով: Եվրամիությունը, ըստ դեսպանի, նաև Հայաստանում խոշորագույն ներդրողն է, որին բաժին է ընկնում ներդրումների 52 տոկոսը:

Տրայան Հրիսթեան հատուկ ուշադրություն հրավիրեց անցած ամիս Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված փաստաթղթի վրա: Հիշեցնենք՝ դրա համաձայն, առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատության, մասնավոր հատվածն ու հանրային կառավարման ոլորտները բարեփոխելու համար:

Դեսպանը հավելեց՝ տարբեր գործիքների կիրառմամբ ծրագիրը զուգորդվելու է պետական կառավարման արդիականացմանը և քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցությամբ: Մասնավորեցնելով օժանդակության առանձին ոլորտները՝ Հրիսթեան թվարկեց՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար, տեղեկատվության ազատություն, ընտրական համակարգի կատարելագործում, հավաքների ազատություն, խտրականության դեմ պայքար, կրոնական համոզմունքների ազատություն և այլն:

Պատասխանելով հարցերին՝ Եվրամիության ներկայացուցիչը մասնավորապես նկատեց՝ «անշուշտ, դեպի Եվրասիական միություն Հայաստանի կտրուկ շրջադարձը Եվրամիության որոշ ներկայացուցիչների համար անակնկալ էր, այդուհանդերձ, Բրյուսելը հարգում է Երևանի ընտրությունը և պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ նաև նոր իրավիճակում:

XS
SM
MD
LG