Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Միացյալ Նահանգներում, հրապարակել է «Համացանցի ազատությունը 2014 թվականին» զեկույցը, որում Հայաստանը դասվել է համացանցի ազատություն ապահոված երկրների շարքը։
Որքան քիչ են միավորները՝ այնքան ավելի ազատ է երկիրը։ Freedom House-ը սահմանել է երեք կատեգորիա` «ազատ երկրներ», որոնք ստանում են 0-ից մինչև 30 միավոր, 31-ից մինչև 60 միավորով «մասամբ ազատ» երկրներ և «ոչ ազատ» երկրներ` 61-ից մինչև 100 միավորով։
Ըստ Freedom House-ի՝ համացանցի ազատության հարցում չորս տարի շարունակ ծայրահեղ վատթարացում է նկատվում Ռուսաստանում, Ուկրաինայում և Թուրքիայում։
Համացանցի ազատության առումով ամենածանր վիճակը Սիրիայում է, Իրանում և Չինաստանում։
Իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 65 երկիր և ներառում է 2013 թվականի մայիսից 2014-ի մայիս ժամանակահատվածը։ Ըստ զեկույցի՝ 65 երկրներից 36-ում այդ ընթացքում բացասական միտում է գրանցվել։
«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման տարածքում գտնվող երկրներից համացանցի ազատության առումով ազատ են միայն Հայաստանը և Վրաստանը։ Հայաստանը 28 միավորով գտնվում է «ազատ երկրների» ցանկի ստորին հատվածում, ինչը նշանակում է, որ ամենաանշան վատթարացման դեպքում Freedom House-ի կողմից կդասվի «մասամբ ազատների» շարքը։ Փոքր-ինչ ավելի լավ վիճակում է հարևան Վրաստանը` 26 միավոր։
Ուկրաինան ունի 33 միավոր, Ղրղըզստանը` 34, Ադրբեջանը` 55, Ռուսաստանը և Ղազախստանը` 60-ական։ Այդ պետությունները «մասամբ ազատ են»։
Ռուսաստանը անցած հինգ տարում լրացուցիչ 11 միավոր է վաստակել։ Freedom House-ի փորձագետները նշում են, որ Վլադիմիր Պուտինի երրորդ նախագահության շրջանում Ռուսաստանում ընդունվել են իշխանության աշխատանքը քննադատող կայքերն արգելափակելու հնարավորություն ընձեռող օրենքներ։
Ուկրաինայում համացանցը խիստ հսկողության տակ է հայտնվել Եվրոմայդանի բողոքի ակցիաների ընթացքում, երբ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմը գաղտնի հսկողություն է սահմանել ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների համացանցային ակտիվության նկատմամբ։ Հետագայում Յանուկովիչը գահընկեց է արվել, սակայն դա արդեն բավական էր երկրին 5 միավոր ավելացնելու համար։
Ադրբեջանը ընդունել է օրենք, որն իրավապահներին տվել է օգտատերերի նկատմամբ զրպարտության մեղադրանքն ավելի լայն կիրառելու հնարավորություն։ Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովային հետապնդելու, ահաբեկելու և տարատեսակ անազնիվ հրապարակումներով վարկաբեկելու արշավը, այդ թվում` համացանցում: