Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր հավաքվել էր քննարկելու մեկ հարց՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի շուրջ ներկայացնի հարակից զեկուցում, թե՞ չներկայացնի: Նշանակված էին բանախոսներ, սակայն քննարկումն այլ ընթացք ունեցավ, զեկուցողներին հերթ չհասավ:
Հանձնաժողովի փոխնախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ հանձնաժողովը չի կարող ընդհանրական գնահատական ներկայացնել, քանի որ առնվազն երեք հանձնաժողովականներ կտրականապես դեմ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն: Նա նկատի ուներ իրեն, Թևան Պողոսյանին և Նիկոլ Փաշինյանին:
Արզումանյանի հետ համամիտ էին նաև «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Վահան Բաբայանը, նաև Նիկոլ Փաշինյանը:
«Ես պնդում եմ՝ սա միջազգային քաղաքական պայմանագիր է, որը պետք է անցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովով: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է պատասխանատվություն կրի նման բանի համար: Ցանկացած փոքր՝ 10 միլիոնանոց վարկի պայմանագիրը բերում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, այս ճակատագրական պայմանագիրը՝ ասում են զուտ տնտեսական է: Խնդիր չկա, եթե սա զուտ տնտեսական է՝ մենք տնտեսությամբ չենք զբաղվում, թող այդ տնտեսական հանձնաժողովն էլ կրի պատասխանատվությունը Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու համար», - հայտարարեց Արզումանյանը:
Փաշինյանը նկատեց՝ կես ժամ է հատկացված քննարկմանը: Հիմնական և հարակից զեկուցողներին հարցեր տալու, ելույթներ ունենալու, կարծիք ձևավորելու համար պատգամավորին այդ ժամանակը կարճ թվաց:
«Առավել ևս, որ այս պայմանագիրը, ինչպես պաշտոնապես արձանագրված է, արտաքին քաղաքականության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի: Դա զուտ տնտեսական հարց է, թող տնտեսագետները հավաքվեն, քննարկեն, ասեն», - հավելեց Փաշինյանը:
Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը փորձեց ցրել պատգամավորների մտահոգությունները, համոզել, որ հարակից զեկուցմամբ հանդես գալն, այնուամենայնիվ, ճիշտ է:
«Տպավորություն չլինի, որ ես այսպես շահագրգռված եմ, որ մենք գնանք անպայման․․․ միևնույնն է, բոլորս էլ ելույթներ ունենալու ենք: Բոլորս: Եթե պետք լինի, ես հինգ անգամ եմ ելույթ ունենալու: Խնդիրը դա չէ․․․ որ հետո որևէ մեկը չասի, որ՝ այ ինչո՞ւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պասիվ մնաց», - նշեց նա:
Թևան Պողոսյանն էլ էր գտնում, որ մտահոգությունները պետք է հնչեցնել․ - «Տնտեսականում փորձել ենք քննարկել տնտեսական ասպեկտների շրջանակներում, արտաքինում մենք պետք է քննարկենք նաև բոլոր արտաքին վտանգներ, խնդիրների մասին: Եվ, հաշվի առնելով, որ բոլորս միասին ենք քննարկելու, հարակից զեկուցողը պարտավոր է լինելու նաև դեմ կարծիքները ասել, այնպես որ ոչ թե մի անգամ ևս կարտահայտվի միտքը, որ ջերմորեն ողջունում ենք, այլ նաև պետք է ասվի՝ հարակից զեկուցողի ելույթի ուղիղ կեսը նաև ընդդիմադիր տեսակետները դրա մասին»:
Խոսեց նաև Արտաշես Գեղամյանը, նախ՝ բոլորին առաջարկեց կարդալ իր՝ «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գիրքը։ Պատրաստ էր նաև բաժանել։ Ցանկացողներ չգտնվեցին։ Ապա առաջարկեց՝ ԵՏՄ-ով շենացնել մեր երկիրը․ - «Հաշվի առնենք, որ այս բոլոր քննարկումները վաղը, մյուս օրը անդրադարձ կունենան ոչ թե որևէ մեկիս ռեյտինգի, ռենոմեի վրա, այլ Հայաստանի Հանրապետության վրա: Ուրեմն մենք հնարավորինս հանուն Հայաստանի Հանրապետության այնպիսի դիրքորոշում գրավենք, որ կարողանանք Եվրասիական տնտեսական միությունով շենացնենք մեր երկիրը»:
Նրա այս դիտարկմանը արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը, ասաց՝ Հայաստանի միջազգային վարկի վրա ազդեց նախկին արտգործնախարարին, նկատի ուներ՝ Վարդան Օսկանյանին, անհիմն մեղադրանք առաջադրելը։ Արզումանյանը ուղղեց՝ նախկին երկու արտգործնախարարներին։ Ալեքսանդր Արզումանյանը, հիշեցնենք, մեկ անգամ մեղադրվել է փողերի լվացման, 2008-ի մարտի 1-ին էլ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն, այնուամենայնիվ, հարակից զեկուցմամբ հանդես կգա: Ընդդիմախոսների ձայները քվեարկության ժամանակ չբավարարեցին նախաձեռնության դեմն առնելու համար: Զեկույցին երկուշաբթի կանդրադառնան: Գլխադասային տնտեսական հանձնաժողովի տեսակետը հարակից զեկույցով քննարկման ժամանակ կլրացնի ոչ միայն Արտաքին հարաբերությունների, այլև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: