Մատչելիության հղումներ

Լավաշը՝ հայ - ադրբեջանական «խոհանոցային հակամարտության» պատճառ


Հայաստան - Շուկայում վաճառվող լավաշ, արխիվ
Հայաստան - Շուկայում վաճառվող լավաշ, արխիվ

Թուրքական և ադրբեջանական համացանցը թոնրում լավաշին սպասող կրակի պես թեժ է: Հայաստանի հարևան երկրներում վրդովված են՝ հայկական ավանդական լավաշ հացը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Այս որոշումը, հիշեցնենք, ընդունվել է Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում: «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառել Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը», - ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում:

Այս իրադարձությունից մի քանի օր առաջ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի նախարարները հայտարարել էին, թե պայմանավորվել են լավաշը որպես թուրք-ադրբեջանական ժառանգություն ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությանը, և համոզմունք էին հայտնել, թե նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Հայկական լավաշը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմանը թուրքական մամուլը քննադատաբար արձագանքեց: Եղան հրապարակումներ, թե ինչպես խաղողի կանաչ տերևով պատրաստված տոլման, քոչարին, այնպես էլ լավաշը բացառապես թուրքական են:

Ադրբեջանում, մինչդեռ, պաշտոնական հավաստիացումներ են հնչում, թե ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայկական լավաշը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու մասին որոշումը իրականությանը չի համապատասխանում: Եղել են այդ մասին քննարկումներ, սակայն Ադրբեջանին «հաջողվել է կանխել հայերի հերթական սադրանքը», հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից 2013 թվականին ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։

Այսպիսով, ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվեց հայկական ևս մեկ մշակութային արժեքով: Հիշեցնենք՝ դուդուկը, խաչքարերի արվեստը և «Սասունցի Դավիթ» էպոսը ևս ներառված են այդ ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG