Մատչելիության հղումներ

Ղարաբաղի մասին հեռուստահաղորդումը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ


Ղարաբաղի մասին հեռուստահաղորդումը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

Ուկրաինական «1+1» հեռուստաընկերության հեռարձակած հաղորդման հեղինակներն այլևս ադրբեջանական հայտնի «սև ցուցակում» են:

Կիևում Ադրբեջանի դեսպանատունը բողոք է հղել այդ երկրի արտգործնախարարությանը՝ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության հեռարձակած հաղորդման կապակցությամբ:

«15 հանրապետություններ» խորագրով հաղորդաշարը պատմում է հետխորհրդային երկրների մասին: Նոյեմբերի 23-ին եթեր հեռարձակված հերթական հաղորդումը նվիրված էր Ադրբեջանին և Հայաստանին:

Նկարահանող խումբը այցելել է տարածաշրջան: Ադրբեջանի մասին պատմելիս լրագրողը չի թաքցում հեգնանքը՝ Բաքվում հրապարակները, փողոցները, զբոսայգիները մեկ մարդու անունով են՝ Հեյդար Ալիևի, ամենուր նրա արձաններն են և Ադրբեջանի դրոշը:

Ադրբեջանցիները հայրենասեր են՝ պատմում է ուկրաինացի լրագրողը, ով նկարահանումների ընթացքում հասցրել է հանդիպել նաև ադրբեջանցի ոստիկանների խոչընդոտներին, անգամ ոստիկանություն հրավիրվել: Լրագրողները պատմում են ադրբեջանցիների կենսակերպի մասին, Բաքվի շքեղ ու ժամանակակից ճարտարապետության, հին ու գողտրիկ փողոցների, ադրբեջանական գյուղերի, կովկասյան հյուրասիրության, զրույցներ պատերազմի մասնակիցների հետ և այլն:

Ապա լրագրողները ուղևորվում են Հայաստան: Առաջին կադրերը Երևանի կենտրոնական հրապարակից են: Այս երկիրը հին է ինչպես Հռոմը, սա կոնյակի և նռան հայրենիքն է, ասվում է ֆիլմում՝ Մատենադարանում հազարամյա պատմություն ունեցող մագաղաթների կադրերի ուղեկցությամբ:

Հարցազրույց դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ, երևանյան շուկա, Թումո կենտրոն, Սպիտակում Յանուկովիչի անվան հրապարակ, խորհրդային տարիներից լքված շինություններ և ապա՝ Ստեփանակերտի հրապարակ:

Ղարաբաղում առաջինը աչք է ծակում գեղեցկուհիների առատությունը: Այս երկրում, պաշտոնական վիճակագրության համաձայն, իգական սեռը չորս անգամ գերազանցում է արականին: Այս հաճելի իրականությունը տխուր նախապատմություն ունի՝ տղամարդկանց այստեղ պարզապես կոտորել են, նշում է ուկրաինացի լրագրողը և ներկայացնում ղարաբաղյան հակամարտությունը՝ ոչ ադրբեջանական տարբերակը:

Այս հակամարտության պատճառը թաքնված է մի պայմանագրում, որը կնքվել է քսաներորդ դարի սկզբներին՝ Խորհրդային Միության և Թուրքիայի ղեկավարների միջև․ քանի որ Ադրբեջանի տարածքը արդեն նվաճված էր բոլշևիկների կողմից, իսկ Հայաստանը դեռ դիմադրում էր, որոշվեց Ղարաբաղը Ադրբեջանին միացնել, որպեսզի Խորհրդային Միության տարածքը շուտափույթ կերպով հայտարարեն: Իսկ Միության փլուզման ընթացքում վիճելի տարածքի ծագման հարցը անհետացավ:

Հաղորդման վերջում լրագրողն ամփոփում է․ - «Ինչ եմ նկատել այս երկու երկրներում․ մի կողմից՝ ոչ հարուստ, չզարգացող Հայաստան՝ չլուծված հակամարտություն, ներսում էլ՝ չճանաչված երկիր, դժբախտ մարդիկ, բարձր գներ, երիտասարդների հաճախակի հուղարկավորություններ, բայց գեղեցիկ կանայք, մյուս կողմից՝ հարուստ Ադրբեջան, բառացիորեն նավթում լողացող, հրաշալի ենթակառուցվածքներ, նորացված ու վերակառուցված քաղաքներ և հպարտ ժողովուրդ, միշտ պատրաստ սպանելու հարևան հայերին՝ այն բանի համար, ինչի համար էլ դժբախտ հայերը պատրաստ են սպանել ադրբեջանցիներին՝ մի հողակտորի»:

Ծրագրի հեղինակներ Կոնստանտին Անդրիյուկն ու Դմիտրի Վոլկովն այլևս ադրբեջանական հայտնի «սև ցուցակում» են:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հաղորդման հեղինակները «աղավաղել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրականությունը»: «Այդ խայտառակ հաղորդման հեղինակները պետք է պատժվեն Ադրբեջանին վիրավորելու և զրպարտելու համար», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG