Այսօր Բաքվում սկսվում է Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) երկօրյա նստաշրջանը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ներկայացուցիչները:
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը նոյեմբերի 20-ին մեկնել են Թբիլիսի, որտեղից ժամանելու են Բաքու:
Ռոստոմյանը և Գալստյանը Բաքվում մասնակցելու են Եվրոպական օլիմպիական կոմիտեի գլխավոր նստաշրջանին, որի ժամանակ քննարկելու են Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը: Այս մրցումները անցկացվելու են 2015 թվականին Բաքվում և առաջինն են լինելու՝ մինչև հիմա Եվրոպական օլիմպիական խաղեր չեն անցկացվել:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում նույնպես նշված է, որ հայ պատվիրակները մասնակցելու են նոյեմբերի 21-22-ը Բաքվում անցկացվելիք ԵՎՕԿ-ի 43-րդ նստաշրջանին: «Օրակարգում ընդգրկված հարցերից կարևորագույնը, անշուշտ, եկող տարի այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն են», - նշված է հաղորդագրությունում:
Նստաշրջանի մասնակիցները այցելելու են օլիմպիական մրցումների համար նախատեսված մարզաբազաներ, ծանոթանալու են նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքեին: «Ազերիսպորտ»-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ի նախագահն ասել է, որ Ադրբեջանի զարգացումը իր վրա մեծ տպավորություն է թողել, ու Ալիևին շնորհավորել է ձեռքբերումների համար:
Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպական խաղերը կանցկացվեն հաջողությամբ: Զրուցակիցները նշել են, որ խաղերի նախապատրաստական աշխատանքները ընթանում են բարձր մակարդակով:
Հյուրերը Ալիևին հուշամեդալ են հանձնել: Միջազգային օլիմպիական կոմիտեի այս հուշամեդալը նախատեսված է պետությունների ղեկավարների համար, ու «ԱզերԹաջ»-ը նշում է, որ առաջիններից մեկը այն ստացավ Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերին Պատրիկ Հիքեն և Թոմաս Բախը այցելել էին Հայաստան, որտեղ հանդիպել էին նաև նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ այս ամսվա սկզբին Հիքեն հայտարարել էր․ - «Բոլոր խնդիրները լուծվել են, նրանք [Հայաստանը] համաձայնել են մասնակցել խաղերին և նրանք նաև մասնակցելու են Բաքվում կայանալիք մեր գլխավոր նստաշրջանին»: