Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` նոյեմբերի 22-ին մեկնարկող թուրքական այցի շեմին պաշտոնական Անկարան դիվանագիտական ճնշում է գործադրում ամերիկացիների վրա` փորձելով օրակարգ վերադարձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու հարցը:
Որպես դրան ուղղված առաջին քայլ Թուրքիայի իշխանությունները առաջարկում են Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի սահմանել, ինչը կաթվածահար կանի կառավարական ուժերի գործողությունները: Երեկ Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինըրլիօղլուն այս հարցը քննարկել է Բայդենի այցը նախապատրաստող ամերիկացի դիվանագետների հետ: Հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, թե սիրիացի չափավոր ապստամբներին զինելը կամ միայն ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարելը բավարար չէ:
«Ինքնախաբեություն կլինի, եթե մենք կենտրոնանանք բացառապես սիրիացի ապստամբներին զինելու, նրանց համար վարժանքներ կազմակերպելու ծրագրի վրա: Սիրիայում մեզ անհրաժեշտ է այնպիսի մի ծրագիր մշակել, որի թիրախը լինելու է Բաշար Ասադի վարչակազմը», - հայտարարեց Էրդողանը:
Թուրքիայի շտապողականության պատճառը Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններն են: Hurriyet-ը, վկայակոչելով թուրքական ռազմական աղբյուրները, տեղեկացնում է, որ Հալեպի մերձակայքում սիրիական կառավարական բանակը 5-կիլոմետրանոց հատուկ միջանցք է բացել դեպի Թուրքիա` հնարավորություն տալով այստեղ կռվող ապստամբական ջոկատներին հեռանալ քաղաքից:
«Թուրքիան ուշի ուշով հետևում է Հալեպում ծավալվող իրադարձություններին: Կարող ենք ասել, որ Ասադին հավատարիմ ուժերը քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում միջանցք են բացել` փորձելով դրդել քաղաքում մնացած ապստամբներին լքել Հալեպը և հեռանալ Թուրքիա», - թերթին է փոխանցել թուրքական բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկանացել բացահայտել իր ինքնությունը:
Առաջիկայում, ըստ թուրքական աղբյուրների, Հալեպը կհայտնվի կա՛մ կառավարական զորքերի, կա՛մ էլ «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո: Թուրքիայում առավել հավանական են համարում Բաշար Ասադի կողմնակիցների հաղթանակը:
«Ասադը ցանկանում է Հալեպում գտնվող իր բոլոր հակառակորդներին դուրս մղել դեպի Թուրքիա», - Hurriyet-ին է փոխանցել անվտանգության խնդիրներով զբաղվող թուրք փորձագետներից մեկը:
Թուրքական մտավախությունների ևս մեկ հիմքը Սիրիայից ստացվող տեղեկություններն են, որ երբեմնի ամենահզոր ընդդիմադիր ռազմական ուժը` արևմտամետ Սիրիական ազատ բանակը, կազմալուծման շեմին է: Վերջին օրերին հայտնված տեղեկությունների համաձայն՝ այս խմբավորման 14 հազար զինծառայողներ արդեն իսկ լքել են մարտադաշտը:
Ստեղծած անբարենպաստ պայմաններում որպես չափավոր ընդդիմադիրներին վերջնական պարտությունից փրկելու միակ տարբերակ Անկարայում դիտարկում են Հալեպի մերձակայքում թռիչքազերծ գոտու ստեղծումը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ՝ թե՛ նախագահ Էրդողանը, և թե՛ վարչապետ Դավութօղլուն Բայդենի հետ Ստամբուլում շաբաթ օրը կայանալիք բանակցությունների ընթացքում անդրադառնալու են այս խնդրին:
Բայդենի աշխատակազմը, սակայն, հերքում է, թե նման հարց ընդհանրապես ընդգրկվելու է նրա թուրքական այցի օրակարգում: Ավելին` Միացյալ Նահանգների բանակի ամենաբարձրաստիճան զինվորականը` Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին երեկ Բաղդադում հնչեցրած ելույթում հայտարարել է. - «Իմ առաքելությունը «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորմանը պարտության մատնելն է, այլ ոչ թե սիրիական ռեժիմի տապալումը»: