Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռին


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները այս հարցի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել` ընդգծելով. - «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են Շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում:

«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը», - հայտարարում են միջնորդներն ու հիշեցնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ` 2010 թ. Աստրախանում ընդունած հայտարարությունը. - «Այդ փաստաթղթի ոգուն համահունչ` հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:

Փաստելով, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն իր թիմով այժմ գտնվում է տարածաշրջանում, Մինսկի խմբի միջնորդները քաջալերում են կողմերին օգտագործել նրա առաքելությունը` ուղղաթիռի անկման վայր մուտքն ապահովելու համար:

«Մենք վերահաստատում ենք նոյեմբերի 12­֊ի մեր հայտարարությունը և կրկին հիշեցնում կողմերին հրադադարը հարգելու, ինչպես նաև հակամարտության խաղաղ լուծում գտնելու` Սոչիում, Նյուպորտում և Փարիզում ստանձնած նրանց հանձնառությունը», - եզրափակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG