Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում տասնյակ գրքեր են հրատարակվելու՝ թե՛ վավերագրական, թե՛ գեղարվեստական, ներկայացնելով այն մեծ ողբերգությունը, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում:
Նորզելանդացի Լեն Ուիքսը 800-էջանոց վեպ է գրել Հայոց ցեղասպանության մասին: Լավագույն հայագետներից մեկը՝ Վերժինե Սվազլյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությանն ու բազմաթիվ աշխատություններ է հեղինակել, անդրադառնալով նոր հրատարակված այս ստեղծագործությանը և դրա հեղինակին, ով, ի դեպ, մասնագիտությամբ ոչ թե բանասեր է կամ պատմաբան, այլ օդագնացության ոլորտից է, ասաց․ - «Մի օտարական, Նոր Զելանդիայում ապրող մի անհատականություն, որը միայն երկնքի հետ կապ ուներ, աշխատում էր «Ավիոտրանսում», և հանկարծ հետաքրքրվում է հայ ժողովրդի պատմությամբ և նրա մեծագույն ողբերգությամբ․ սա իրոք աննախադեպ մի գործ է»:
Վերժինե Սվազլյանը, որ վերջերս նաև թուրքերեն և անգլերեն է հրատարակել Ցեղասպանությանը նվիրված իր մեծածավալ «Ականատեսների վկայություն» 1000-էջանոց աշխատությունը, շեշտում է, որ իրոք հիացած է հայ ժողովրդի օտարազգի բարեկամի այս ստեղծագործությամբ:
«Այն նվիրվածությամբ, որ երկու տարվա ընթացքում այսպիսի ստվար մի հատոր սեղանին դնել, այն էլ՝ երեք լեզուներով, իրոք դա ֆանտաստիկա է: Այ սա պետք է լինի իսկական գլոբալիզացիայի իմաստը՝ իրար հասկանալ, սիրել, օգնել և ելք գտնել», - ընդգծեց Սվազլյանը: