Մատչելիության հղումներ

Սուխումին դեմ չէ աբխազական երկաթուղու վերաբացմանը


Աբխազական երկաթուղին Օչամչիրեի մերձակայքում
Աբխազական երկաթուղին Օչամչիրեի մերձակայքում

Աբխազիայի նորընտիր նախագահը, սակայն, համոզված է՝ վրացական կողմը ամեն կերպ խոչընդոտելու է դրան:

Պաշտոնական Սուխումին դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Դրա հետ մեկտեղ, Աբխազիայի իշխանությունները համոզված են` երկաթուղու վերաբացմանն ամեն կերպ խոչընդոտելու է վրացական կողմը: Անցած շաբաթավերջին «Կավկազսկի ուզել» ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան:

«Երկաթուղու վերագործարկումն ըստ իս հետաքրքիր է թե՛ Աբխազիայի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար: Թե որքանով է Վրաստանը պատրաստ այդ նախագծի իրագործմանը` դժվարանում եմ ասել: Բայց ավելի քան վստահ եմ, որ Վրաստանի արևմտյան հովանավորները գոնե այս փուլում հազիվ թե կողմ լինեն երկաթգծի վերաբացմանը: Համոզված եմ, որ դա կապված է նախևառաջ տարածաշրջանում ծավալված աշխարհքաղաքական գործընթացների հետ», - նշում էր Խաջիմբան:

Զարգացնելով թեման` «Կավկազսկի ուզել»-ի լրագրողը հարցնում է․ - «Մի՞թե Աբխազիայի իշխանությունների համար վտանգավոր է մի որևէ հստակ, պարզ փաստաթուղթ մշակել, որտեղ կխոսվի Վրաստանի հետ համագործակցության, մասնավորաբար՝ երկաթուղու վերաբացման մասին»:

Սրան ի պատասխան՝ Աբխազիայի նախագահը նշում է․ - «Մենք այս ծրագրի իրագործումից, ինչպես նաև Վրաստանի կողմից Աբխազիայի հնարավոր ճանաչման շնորհիվ կարող ենք հավելյալ բյուջետային մուտքեր ապահովել: Ռուսաստանը ևս շահագրգռված է, որպեսզի Հայաստանի հետ այս երկաթուղով կապ հաստատի: Բայց նորից եմ կրկնում` այս հեռանկարը Վրաստանի և Արևմուտքի շահերից չի բխում»:

Խաջիմբան անդրադառնում է նաև վերջերս Երևանի և Թբիլիսիից հնչող այն ակնարկներին, թե Վրաստանը, Հայաստանն ու Ռուսաստանը եռակողմ գաղտնի բանակցություններ են վարում աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ:

«Այսօրվա դրությամբ այս թեմայով ընթացող որևէ բանակցությունների մասին ես տեղյակ չեմ», - հայտարարում է Խաջիմբան:

Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ քննարկումները ակտիվացան Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի իշխանության գալուց հետո: 2013 թվականի հունվարի 17-ին Երևան կատարած այցի ընթացքում այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իվանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում էր․ - «Մեր կողմից երկաթուղին վերագործարկելու լիարժեք պատրաստակամությունն առկա է: Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում այդ հարցին, կան դրական ազդանշաններ մեր եղբայր աբխազների կողմից: Սա համալիր խնդիր է: Ուստի մենք մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք աբխազական երկաթուղու վերագործարկմանը, և դրական ենք նայում այդ հարցին: Հայաստանն իր կողմից հետաքրքրված է, պետք է Ռուսաստանն իր կողմից հետաքրքրություն ցուցաբերի, աբխազները ևս պետք է հայտարարեն իրենց պատրաստակամության մասին: Կարծում եմ, որ այդ հարցը շուտով կլուծվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG