Մատչելիության հղումներ

Դեսպան․ Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ՀԱՊԿ անդամակցությունը չեն բացառում միմյանց


Դեսպան․ Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ՀԱՊԿ անդամակցությունը չեն բացառում միմյանց
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

«Փորձում ենք օգնել Հայաստանին ու հնարավորություն տալ համագործակցել Արևմուտքի հետ», - ասում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հայաստանի գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ու անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չեն բացառում միմյանց, այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։

«Իրավիճակն այնպիսին չէ, որ լինեն շահողներ ու պարտվողներ։ Հայաստանը կարող է լինել ՆԱՏՕ-ի լավ գործընկեր, Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է լինել Եվրամիության, ԱՄՆ-ի գործընկեր, սրանք իրար բացառող բաներ չեն։ Եվ մենք՝ արևմտյան գործընկերներս, փորձում ենք օգնել Հայաստանին ու հնարավորություն տալ համագործակցել Արևմուտքի հետ», - ասաց ԱՄՆ դեսպանը։

Իր հերթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հավելեց, որ երեք տարի է, ինչ Հայաստանում է և իր համար շատ հստակ է, որ Հայաստանը չունի անհիմն ակնկալիքներ ՆԱՏՕ-ից:

«ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Հայաստանն առանձնահատուկ դիրք է զբաղեցնում: Այն թերևս միակ պետությունն է, որը, լինելով ՀԱՊԿ անդամ, կարողացել է նաև շահել ՆԱՏՕ-ի վստահությունն ու հաջողությամբ գործընկերային հարաբերություններ հաստատել դաշինքի հետ», - ասաց Քեթրին Լիչը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ՆԱՏՕ-ի ուժերից խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին հարցին՝ դեսպան Հեֆերնն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու մտադրություն կողմերը չունեն։

«Հակամարտության կարգավորման պարագայում հարց կառաջանա, թե ովքեր պետք է ներգրավվեն խաղաղապահ առաքելության կազմում։ Կարծում եմ, հազիվ թե Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը լինեն խաղաղապահների թվում։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որպեսզի տեղակայվեն խաղաղապահներ՝ գործընթացի զարգացմանը զուգընթաց»։

Չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն անուշադրության է մատնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները։ Դաշինքը աջակցում է խնդրի կարգավորմանն ուղղված կողմերի ջանքերին ու պաշտպանում բանակցային բոլոր երեք սկզբունքները, որոնք գործընթացի կարևոր մաս են կազմում», - հստակեցրեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը։

Ջոն Հեֆերնն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը շատ ճիշտ է, թեև այսօր, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, որոշակի խնդիրներ կան Ռուսաստանի հետ, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Մինսկի խմբում իրենք անհամաձայնություններ չունեն։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի օրը Բելգիայում հանդիպել էր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նախարարը եղել է Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարությունում, հանդիպել հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ:

«Նախարար Օհանյանի հետ իմ քննարկումները կենտրոնացած էին անվտանգության ներկայիս իրավիճակի և տարածաշրջանի համար երկարատև կայունության կարևորության վրա», - ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է գեներալ Բրիդլավը՝ շարունակելով․ - «Ես ոգևորված եմ Հարավային Կովկասում տարբեր գործընկերների հետ Դաշինքի գերազանց համագործակցությամբ և հուսով եմ, որ այդ համագործակցությունը հետագա բարելավումների կհանգեցնի անվտանգության ոլորտում»:

«Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է 20 տարի, և նրանց զորքերը նշանակալի նպաստ են ունեցել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններում: ՆԱՏՕ դաշինքը հանձնառու է Հայաստանին՝ շարունակվող պաշտպանական բարեփոխումներում սատարելու գործում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ նրա զինված ուժերի փոխգործակցելիության և համատեղելիության շարունակական բարելավումները», - շեշտել է Ֆիլիպ Բրիդլավը:

Նույն օրը Սեյրան Օհանյանը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերներին առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:

«Հայաստանը ցույց է տվել իր մտադրությունները՝ սերտացնելու գործնական և քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, սակայն չի ձգտում անդամակցել Դաշինքին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG