Մաքսային միությունում առևտրի ծավալները շարունակում են կրճատվել:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին առևտրի ծավալները Ռուսաստանի նախաձեռնած միությունում նվազել են 11 տոկոսով: Ընդ որում, անկում գրանցվել է, միության բոլոր երեք անդամ երկրների մոտ․ Բելառուսի առևտուրը Ռուսաստանի և Ղազախստանի հետ, օրինակ, կրճատվել է 5.5 տոկոսով, Ռուսաստանի առևտուրը միության անդամ մյուս երկու երկրների հետ նվազել է 11.9 տոկոսով, իսկ ամենամեծ անկումը Ղազախստանի մոտ է՝ 20.4 տոկոս։
Սա առաջին տարին չէ, որ Մաքսային միությունում առևտրի ծավալների անկում է գրանցվում. 2013-ին առևտուրն այնտեղ կրճատվել էր 4.9 տոկոսով։
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների այս մայիսին ստորագրած պայմանագրի համաձայն, Մաքսային միության ու Միացյալ տնտեսական տարածքի հիման վրա 2015-ի հունվարի 1-ից գործելու է Եվրասիական տնտեսական միությունը:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց՝ փաստորեն, Եվրասիական միությունն իր գործունեությունը սկսում է անկումով, որը շարունակվում է արդեն երկրորդ տարին:
«Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում՝ տնտեսության մեջ, ուղղակիորեն փոխանցվում է Մաքսային միության անդամ երկրների վրա։ Թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, արդեն գիտենք։ Տարին լավագույն դեպքում ամփոփվելու է կես տոկոս տնտեսական աճով, սա և տնտեսական ակտիվության անկման հետևանք է, և, իհարկե, քաղաքական՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների պատճառով կիրառվող պատժամիջոցների հետևանք է»,- ասաց Ասատրյանը։
Անկում է գրանցվել նաև Մաքսային միության առանցքային անդամի՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում: Մասնավորապես, Հայաստանի Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կրճատվել են 7 տոկոսով, ինչը աննախադեպ է վերջին տարիների հետ համեմատած: Ընդ որում, դեպի Ռուսաստան մեր արտահանումը կրճատվել է Հայաստանից արտահանումների ընդհանուր ծավալի աճի ֆոնին (2014թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճը կազմել է 1 տոկոս):
Բագրատ Ասատրյանի խոսքով, Ռուսաստանում տնտեսական աճի կտրուկ դանդաղումը, ռուբլու սրընթաց արժեզրկումը իրենց բացասական ներգործությունը Հայաստանի տնտեսության վրա կթողնեն հատկապես հաջորդ տարի: Սակայն, ըստ տնտեսագետի, ավելի մտահոգիչ է այն, որ նման պայմաններում Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրասիական միության անդամ:
«Ռուսաստանը՝ իբրև տնտեսական միավոր, մարող, հանգող միավոր է, աճող, զարգացող է։ Առաջիկա երեք տարիների համար կես տոկոսանոց տնտեսական աճի մասին է խոսում Ռուսաստանը, իսկ կես տոկոսանոց տնտեսական աճը նշանակում է, որ որևէ համագործակցության մեջ համագործակցող երկրները որևէ էական շահ չեն կարող ունենալ Ռուսաստանից»,- ասաց Ասատրյանը։
«Այս իրավիճակում մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցության ակտիվացումը Հայաստան ներդրումներ պետք է բերի, կներեք, սա անլուրջ է»,- շարունակեց տնտեսագետը.- «Այդ պատժամիջոցները ուղղակի ազդում են։ Ուզես, թե չուզես ազդելու են նաև բոլոր գործընկերների վրա, այդ թվում՝ նաև Հայաստանի»։
Հայաստանի իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետականի ներկայացուցիչները այսօր չցանկացան արձագանքել ներկայացվածին: Փոխարենը, երևանցիները «Ազատության» հետ զրույցներում իրենց մտահոգությունը հայտնեցին Ռուսաստանում տնտեսական վիճակի վատացման առնչությամբ։