Մատչելիության հղումներ

Նոր նախարարության կիզակետում կլինեն ԵՏՄ-ին ինտեգրվելու խնդիրները


Նոր նախարարության կիզակետում կլինեն ԵՏՄ-ին ինտեգրվելու խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նոր ստեղծվելիք նախարարության կիզակետում կլինեն Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու խնդիրները:

Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը մուտք է գործելու 170 միլիոնանոց շուկա, ինչին շատ լուրջ պետք է վերաբերվել։

«Կիզակետում մաքսային ինտեգրման խնդիրն է, բավականին ծավալուն աշխատանքներ են սպասվում, և ինձ թվում է՝ Էկոնոմիկայի նախարարության ծանրաբեռնվածությունը բավականին շատ էր։ Եվ անհրաժեշտություն կար մի առանձին մարմին ստեղծելու, որը կզբաղվի այդ բարեփոխումներով և ինտեգրացիոն հարցերով»,- ասաց Բաղդասարյանը.- «Մենք նոր ուղղություն ենք ընտրել, բավականին չարչարանքներից հետո մենք այսօր Եվրասիական միության անդամ ենք դառնում, և այդտեղ 170 միլիոնանոց շուկայի հետ գործ ունենք։ Որպեսզի չխառնվեն գործերը, մեկը մյուսի վրա գցեն, սա ավելի ճիշտ է։ Եթե այստեղ ձախողումներ ունենանք, մեր կարող ենք այսքան երկար տարիների չարչարանքի արդյունքը չտեսնել»։

Հարցին, թե Հայաստանը ե՞րբ կզգա այդ տնտեսական արդյունքը, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց.- «Հետաքրքիր հարց եք տալիս, չեմ ցանկանում ժամանակ նշել, բայց ինձ թվում է, որ մեկ տարվա ընթացքում մենք պետք է այդ քայլերը զգանք, իհարկե, ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում»։

Իշխող Հանրապետականի խմբակցության ղեկավարը վստահեցնում է, թե նոր նախարարությունը առանց այն էլ պետական սուղ բյուջեի համար հավելյալ բեռ չի դառնա: Հիմնականում Էկոնոմիկայի նախարարության կազմում ինտերգման հարցերով զբաղվող աշխատակիցները կտեղափոխվեն նորաստեղծ կառույց:

Մինչդեռ ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի համար անհասկանալի է տնտեսական ինտեգրման նախարարության ստեղծումը:

Վերջինիս փոխանցմամբ՝ զարմանալի է, որ առանց այն էլ ծանրաբեռնվածություն չունեցող Էկոնոմիկայի նախարարության գործառույթները փոխանցվում են նոր նախարարությանը: Պատգամավորը նաև նկատում է՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում որևէ հիշատակում նոր ստեղծվելիք կառույցի մասին չկա:

«Էդ ինչ մի մեծ բան է, որ այդ տնտեսական ինտեգրացիան մենք չպետք է վստահենք Էկոնոմիկայի նախարարությանը։ Ես բավականին վերապահումով եմ վերաբերվում նոր միավորի ձևավորմանը։ Ոնց կարելի՞ է առանձին Եվրասիական միության համար նախարարություն բացել։ Բա Եվրամիության հետ ինտեգրացիա՞ն։ Եթե միայն Եվրասիականն է, դա ընդհանրապես ընկալելի չէ»,- փոխանցեց պատգամավորը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ էլ՝ տնտեսական ինտեգրման նախարարության ստեղծումը ցույց է տալիս, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի բռնակցումը և դրա հետևանքները անսպասելի են նաև իշխանությունների համար: Նրանք չգիտեն, թե ուր են գնում և ինչ կարելի է սպասել այդ միությունից, որի գլխավոր մասնակիցներից մեկի՝ Ռուսաստանի տնտեսությունը օր օրի անկում է ապրում:

«Մինչև հոկտեմբերի 10-ը, ըստ էության, դեռ այսպիսի մոտեցում էր կառավարության կողմից, որ միևնույն է այս գործընթացը տեղից չի շարժվելու։ Այսպիսին էր մոտեցումը, և երբ բյուջեն այստեղ քննարկվում էր, նույնիսկ այդ ժամանակահատվածում հարցեր էինք հղում, իրենք չունեինք որևիցե հաշվարկ, որ եթե 2015-ին մասնակցելու ենք ԵՏՄ-ին բռնակցմանը, ապա ինչպիսի է լինելու ներմուծվող և արտահանվող ապրանքների գները։ Կառավարությունը պատրաստ չէր հոկտեմբերի 10-ի ստորագրությանը։ Ես չեմ կարծում, որ այդ նախարարությունը իրենց փրկելու է, և ապագան շատ ցավոտ է լինելու»,- ասաց Փոստանջյանը։

Կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու և նոր նախարարություն ստեղծելու հարցը առաջիկայում որպես անհետաձգելի հարց կներկայացվի Ազգային ժողովին: Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ղեկավարումը ամենայն հավանականությամբ կստանձնի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը: Հանրապետական խմբակցության ղեկավարը վերջինիս բավական փորձառու է համարում:

«Եվ բանկային համակարգի, և ընդհանրապես տնտեսության մեջ բավականին եփված մարդ է, լավ է տիրապետում այս խնդիրը թե ինտելեկտուալ տեսանկյունից, թե մասնագիտական»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG