Մատչելիության հղումներ

Հայկական Զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակի վկայությամբ՝ զորավարժությունները պլանային են:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը այս օրերին լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում: Այդ լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ Զինված ուժերը ամեն տարի մի քանի անգամ տարբեր տեսակի զորավարժություններ են անցկացնում: Դրանք պլանային միջոցառումներ են` մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու բարեփոխումներին ուղղված: Տարեցտարի այդ զորավարժությունները տարբեր բնույթ են ստանում` կախված մեր զարգացման և իրավիճակային փոփոխություններից: Գնալով ավելի կատարելագործում են դրանով Զինված ուժերը: Դրանց բովանդակությունը ևս տարեցտարի փոփոխվում է: Ինչպես նկատում եք, պահեստազորը ևս տարեցտարի ավելի լայն ընդգրկում է ստանում, այդ զորավարժություններին ավելի լայն մասնակցում է», - հավելեց Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` զորավարժություններն անցկացվելու են հիմնականում Լեռնային Ղարաբաղում: Պահեստազորի մասնակցությունն ապահովելու համար նաև կարճաժամկետ հավաք է իրականացվելու:

Մեր տեղեկություններով, միայն Հայաստանից զորավարժություններին մասնակցելու է ավելի քան 10 հազար պահեստազորային:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք զորավարժությունները պայմանավորված են սահմանային լարվածությամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք պլանային զորավարժություններ են։ Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի՝ իրավիճակը սահմաններում համեմատաբար հանգիստ է։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զորավարժությունները թեև այս անգամ ավելի լայնամասշտաբ են, դրանցում արտառող ոչինչ չկա. - «Դա տարեկան ուսումնական ցիկլի գրեթե ամենակարևոր զորավարժություններն: Մյուս կողմից, նաև այս վերջին տարին բոլոր նմանատիպ զորավարժություններն ունեն առանձնահատուկ սպեցիֆիկա` կապված, մի կողմից, այդ զորավարժություններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը փորձում են ստուգել հատկապես մոբիլիզացիոն հնարավորությունները, մյուս կողմից` նաև այդ զորավարժությունները բավականին հարմար առիթ են նոր զենքերի և զինտեխնիկայի փորձարկման առումով»:

Քաղաքական տեսանկյունից հարցը դիտարկելով` Մինասյանը նկատում է, որ ադրբեջանական կողմից էսկալացիան վերջին շրջանում ինչ-որ չափով նվազել է. - «Հետևաբար որևէ պայմաններ կամ որևէ նպատակ հայկական կողմերը չունեն` ցուցադրելու ինչ-որ լրացուցիչ պատրաստություններ: Դրա հետ մեկտեղ և' Պաշտպանության նախարարությունը, և' նաև ինֆորմացիոն դաշտում հատուկ ուշադրություն է դարձվում նրան, որ այդ զորավաժությունները պլանավորված են: Այսինքն որևէ ձևով օգոստոսյան իրադարձությունների հետ դա չի կապվում»:

Էսկալացիայի նվազմանն ու սահմանում լարվածության թուլացմանը, ըստ փորձագետի, նպաստել են ոչ միայն հայկական զինուժի պատասխան հարվածները, այլև օգոստոսից այս կողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի դարձած հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG