Մատչելիության հղումներ

Փորձագետ. Ալիևը կարողացավ համոզել Օլանդին, որ պետք է անցնել խաղաղության պայմանագրին


Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանը ոգևորվել է, որ կարելի է Ֆրանսիայի «պատրոնաժի» տակ փորձել անմիջապես անցնել այդ պայմանագրի մշակմանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի դարձած հանդիպումները կապված են Ռուսաստանի ներկայիս իրավիճակի հետ, որից փորձում են օգտվել բոլոր կողմերը։ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Օգոստոսին հայ - ադրբեջանական սահմանին գրանցված լարվածության աճից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին երեք անգամ՝ նախ՝ Սոչիում, հետո՝ Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, և Փարիզում։

Երեկ էլ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի Բազել քաղաքում կարող է անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որին կմիանան նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։ Մամեդյարովը նաև նշեց, որ մոտ ապագայում հնարավոր է կրկին նախագահների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն առաջանա։

«Օգոստոսին Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը, հասկացավ, որ իրավիճակը մի քիչ այնպես չի, ոնց որ ինքն էր պատկերացնում, ավելի բարդ է, և, կարծում եմ, Ֆրանսիայում Ալիևը կարողացավ ինչ-որ տեղ համոզել Ֆրանսիայի նախագահին, որ պետք է անցնել խաղաղության պայմանագրին, այսինքն՝ չհստակեցնելով Մադրիդյան սկզբունքները անմիջապես անցնել այդ պայմանագրին։ Եվ ինչքան ես նկատեցի, Ֆրանսիայի նախագահը իսկապես առաջարկեց կողմերին անցնել այդ պայմանագրի մշակմանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանվել Սարգսյանը:

«Իմ կարծիքով, Ադրբեջանը ոգևորվել է դրանից, որ կարելի է Ֆրանսիայի պատրոնաժի տակ փորձել անմիջապես անցնել այդ պայմանագրի մշակմանը, և այս հրատապ գործողությունները, ես կարծում եմ, հենց դրա հետևանք են», - նշեց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG