Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարևաններին մշտական աղմուկ է անհանգստացնում, բայց խոսքը աղմկալից հավաքների կամ մեքենաների ազդանշանների մասին չէ, այլ՝ առյուծների ձայների: Հարևանները բողոքում են, որ առյուծները, որոնց Սեդրակյանը ընտանի կենդանիների պես, ենթադրաբար, պահում է իր տանը, անընդհատ մռնչում են և վախեցնում մոտիկ ապրող մարդկանց:
Հոդվածի հեղինակը Մարիաննա Գրիգորյանն է: Օրերս նրա նյութը հրապարակվել էր Eurasianet.org կայքում, հոկտեմբերի 30-ին այն հրապարակվել է նաև The Guardian-ում:
Հոդվածում նշված է, որ առյուծներ, վագրեր և արջեր ունեցող մասնավոր գազանանոցները դարձել են Հայաստանի ազդեցիկ ու մեծահարուստ մարդկանց տարածված հոբբին, իսկ իշխանությունները, ինչպես երևում է, հակված չեն միջամտել:
Ավելին, բնապահպանական օրենսդրությունում այս տարվա գարնանը կատարված փոփոխությունները կարող են ավելի խթանել այդ գայթակղությունը: Ըստ այդ փոփոխությունների՝ քաղաքացիները իրավունք ունեն վայրի կենդանիներ պահել, ներառյալ՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ, եթե ի վիճակի են կենդանիներին համապատասխան տարածքով ապահովել, ապահովել նրանց կյանքը, առողջությունը, անվտանգությունը, ինչպես նաև՝ բացառել նրանց փախուստը: Օրենքն ասում է, որ վերահսկողությունը պետք է մշտապես լինի:
Բայց հոդվածում մի շարք դեպքեր են հիշատակվում, երբ քաղաքների փողոցներում վայրի կենդանիներ են տեսել: Անցյալ տարի Էջմիածին քաղաքի փողոցներում փոքր վագր էր հայտնվել: Երևանի փողոցներում երկու անգամ արջեր էին տեսել, իսկ 2012-ին Թուրքիային սահմանամերձ գյուղերից մեկում առյուծը ծանր վիրավորել էր երկու տարեկան երեխայի: Ենթադրվում է, որ առյուծը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի:
Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի տեսակների վաճառքի մասին միջազգային կոնվենցիայի տվյալների բազայում նշված է, որ 2008-2013 թվականներին վեց վագր է ներմուծվել Հայաստան, այդ թվում՝ երեք ամուրյան վագր բերվել է Ուկրաինայից, մյուս երեքը՝ Բելգիայից, Չիլիից ու Ղազախստանից: Կատվազգի կենդանիներից ամենաշատը հովազներ են ներմուծվել Հայաստան: 2008-2013 թվականներին 18 հովազներ են բերվել Արաբական Միացյալ Էմիրություններից և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից: Նույն ժամանակահատվածում ինը առյուծներ են բերվել, 2009-2010 թվականներին 41 փոքր տեսակի աղվեսներ, իսկ 2012-ին՝ 21 նանդու ջայլամ:
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասել է, թե որոշ մարդկանց պատճառով կենդանիների անօրինական վաճառքի առումով Հայաստանի հեղինակությունը ընկնում է, միջազգային համաժողովներում կարող են մոտենալ ու հարցնել՝ «այդ ի՞նչ է կատարվում ձեր երկրում»:
Դատախազությունը գործ էր բացել «Հետք» պարբերականում հրապարակված նյութերի կապակցությամբ, բայց The Guardian-ի հոդվածում նշված է, որ հետաքննության արդյունքները չեն հրապարակվել:
Հրապարակման հեղինակը նշում է, որ էկզոտիկ կենդանիներ պահելու հոբբի ունի նաև Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիոնատեր գործարար Գագիկ Ծառուկյանը: 2009-ին YouTube-ում մի տեսանյութ էր հայտնվել, որը ենթադրաբար նկարահանվել էր նրա մասնավոր գազանանոցում: Տեսանյութում ավանակին գցել էին առյուծների վանդակը: Ծառուկյանի մամուլի քարտուղարը հերքել էր, թե տեսանյութը նկարահանվել է Ծառուկյանի գազանանոցում, բայց ասել էր, որ նա ավելի քան տասը առյուծներ և սպիտակ վագրեր ունի, որոնք ապրում են գերազանց պայմաններում:
Ծառուկյանը միակը չէ: Պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը իր մասնավոր գազանանոցում առյուծներ, վագրեր, արջեր և տարբեր տեսակի վայրի թռչուններ է պահում: Ենթադրվում է, որ Էջմիածնի փողոցներում հայտնված վագրը այնտեղից էր դուրս եկել:
Հայաստանի ռեստորանների ճաշացանկում կարելի է տեսնել արջի, վայրի խոզի և եղնիկի մսից առաջարկվող ուտեստներ, չնայած այդ բոլոր կենդանիները ներառված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում՝ որպես ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակներ:
Պատգամավորներից որևէ մեկը մեկնաբանություններ չի տվել վերոհիշյալ փաստերի կապակցությամբ:
Բնապահպան ակտիվիստ Սիլվա Ադամյանն ասել է, որ այդ ոլորտը վերահսկվում է ազդեցիկ որոշակի մարդկանց կողմից, իսկ հասարակությունը այնքան է զբաղված ուրիշ խնդիրներով, որ պարզապես ժամանակ չունի հետաքրքրվելու այս հարցերով: