Հայկական միակ ավիափոխադրող ընկերությունը՝ «Էյր Արմենիան» այժմ ընդամենը շահագործման ենթակա մեկ օդանավ ունի։
Ընկերությունը հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի 20-ը չի կարող ուղևորափոխադրումներ իրականացնել և ժամանակավորապես միայն բեռներ կփոխադրի։
«Էյր Արմենիան» ստեղծված իրավիճակի հիմնական մեղավոր է համարում «Ռոսաերոնավիգացիա» ընկերությանը, որը հայտարարել էր, թե պարտքերի պատճառով սեպտեմբերի 21-ից «Էյր Արմենիային» արգելելու են չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս հայտարարությունից հետո էլ չվերթները շարունակվեցին, մինչդեռ այն իրենց վարկանիշին լուրջ հարված հասցրեց։
«Շատ անհասկանալի էր «Ռոսաերոնավիգացիա»-ի այդ հայտարարությունը։ Վարկանիշի վրա մեծ ազդեցություն ունեցավ, ուղևորները սկսեցին մասսայական վերադարձնել տոմսերը, մարդիկ կային, ովքեր պիտի տոմս գնեին, ուղղակի չէին ուզում օգտվել մեր ծառայություններից, որովհետև հայտարարություն էր արվել, թե ամսի 21-ից հետո մենք չենք թռնում»,- պատմեց Համբարձումյանը։
Վերջին շրջանում հայկական միակ ավիափոխադրողից բողոքները շատ էին՝ չվերթների ուշացում, թռիչքի օրերի փոփոխություններ։ Տաթևիկը չվերթից մի քանի օր առաջ էր տեղեկացվել, որ այն չի լինելու։
«Ու ոչ մի բան չեն առաջարկում փոխարենը, ուղղակի թռիչքը չի լինելու։ Ասում եմ՝ իսկ ինչո՞ւ եք այդքան ուշ ասում։ Ասում են՝ ո՞ւշ է, մի շաբաթ ժամանակ ունես, գնա տոմս առ»։ բ
Քաղավիացայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեկ տարի առաջ շուկա մտած հայկական ընկերության դժվարությունները պատահական չի համարում, ասում է՝ Հայաստանի կառավարության կողմից մեկ տարի առաջ հայտարարված բաց երկնքի քաղաքականությունից մեծամասամբ շահել են օտարերկրյա ընկերությունները, որոնք «Էյր Արմենիա»-ի՝ շուկայից դուրս գալուց հետո այդ ուղղություններով մրցակից չեն ունենա։
«Հայկական ավիացիան այս իշխանությունները լրիվ վարի տվեցին, չգիտեմ ինչի համար։ Եթե այս Եվրասիական միությունը մտնեն, ես կասկածներ ունեմ, որ «Զվարթնոց» օդանավակայանն էլ տալու ռուսներին, ինչպես էներգետիկան տվեցին»,- ասաց Պետրոսյանը։
Ուղիղ մեկ տարի առաջ Կառավարությունը բաց երկնքի քաղաքականություն ընդունեց։ Արդյունքում, ըստ Շահեն Պետրոսյանի, Հայաստանից և դեպի Հայաստան կատարվող չվերթների 80 տոկոսն իրականացնում են ռուսական ընկերությունները։ «Էյր Արմենիա»-ն ուղևորափոխադրումների շուկա մուտք գործեց ընդամենը մեկ տարի առաջ։ Ընկերության 50 տոկոսը պատկանում է Արսեն Ավետիսյանին, մյուս կեսը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորն էր պատկանում, մինչդեռ նա ընկերությունը լքել է։ «Էյր Արմենիա»-ում ասացին, որ դա Հարությունյանի անձնական որոշումն է եղել և չեն մեկնաբանում դա։
«Երբանից՝ չեմ կարող ասել, բայց նա հիմա կապ չունի ընկերության հետ»,- ասաց Սիրական Համբարձումյանը։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընկերությունը մասնավոր է, և իրենք այս հարցին չեն ուզում միջամտել։ Վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ «Էյր Արմենիա»-ն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ կարելի է ընկերությունը արդեն սնանկ համարել։ «Էյր Արմենիա»-ի մարկետինգի բաժնի ղեկավարը, սակայն, այս կարծիքի հետ համաձայն չէ։
«Մենք շարունակում ենք մեր գործունեությունը։ Ավիաընկերությունը չի դադարեցնում իր գործունեությունը, դադարեցնում է ուղևորափոխադրումները՝ ժամանակավորապես, մինչև դեկտեմբերի 20-ը։ Բեռնափոխադրումները իրականացվելու են։ Այստեղից հետևություն՝ սնանկության մասին խոսք չկա»,- ասաց ընկերության մարկետինգի բաժնի ղեկավարը։