Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր հայտարարեց, թե Հայաստանից դեպի Ղրիմ ցանկացած ավիաչվերթ պետք է համաձայնեցվի Երևանի ու Կիևի միջև:
Մոտ երեք շաբաթվա ընթացքում երկու անգամ ռուսաստանյան «Նովոստի» ու «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունները, հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին, գրեցին, թե «Գռոզնի ավիա» ընկերությունը Երևան - Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթ է իրականացնելու: Նախ նշվում էր, որ առաջին չվերթը կկայանա հոկտեմբերի 10-ին, իսկ հետո՝ նոյեմբերի 16-ին:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» պաշտոնապես հայտնել են, որ մերժել են ռուսաստանյան «Գռոզնի ավիա» ընկերության Սիմֆերոպոլ - Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը` «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով», և «թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»:
Սակայն «Գռոզնի ավիա» ընկերության կայքէջից այսօր էլ կարելի է ձեռք բերել չվերթի տոմսեր, որոնք, ի դեպ, փոքր-ինչ թանկացել են:
«Բնականաբար, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը անմիջապես արձագանքեց լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Ես հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարությունում և հանդիպել եմ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարին, և այսօր կարող եմ հստակորեն ասել, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին՝ Երևան - Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթի թույլտվություն ոչ ոք չի տվել», - ասաց Իվան Կուխտան՝ շարունակելով, - «Գիտեք, որ համաձայն միջազգային նորմերի, Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի, կանոնների, և համաձայն երկկողմ նորմատիվային փաստաթղթերի, որոնք ստորագրված են Ուկրաինայի ու Հայաստանի միջև, բոլոր կանոնավոր ավիաչվերթները, որոնք իրականացվում են Ուկրաինայի տարածքից Հայաստան և հակառակը, պետք է համաձայնեցվեն միայն պաշտոնական մակարդակում՝ դիվանագիտական խողովակներով»:
Այսօր հարցին անդրադարձան նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպանները:
«Ազատության» հարցին, թե Եվրոպայում ինչպես կարձագանքեն, եթե այնուամենայնիվ, Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթը կայանա, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, արձագանքեց․ - «Մեր մոտեցումն է՝ մեր գործընկերներին կոչ անել չմասնակցել այնպիսի գործողությունների, որոնք կլեգիտիմացնեն Ղրիմի ներկայիս իշխանություններին: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանի ու Ղրիմի միջև թռիչքը չիրականանա, և [այս թռիչքը] այն չէ, ինչը մենք ցանկանում ենք խրախուսել»:
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նույն հարցին այսպես պատասխանեց․ - «Թե ինչ արձագանք կլինի, ես որոշակի պատասխան չունեմ: Բայց կարծում եմ, որ մտածելը և միմյանց հետ երկխոսության մեջ մտնելը միշտ էլ լավ է, քանի որ հետևանքներ կրողը ժողովուրդն է լինելու, որը ստիպված է լինելու ավելի երկար ճանապարհ անցնելու, քան այդ թռիչքը կարող է լինել», - ասաց դեսպանը՝ հավելելով․ - «Այսինքն, պետք է քննել իրավիճակը կրկին անգամ և ջանալ լուծում գտնել այդ իրավիճակին: Այնպիսի լուծում, որը շահեկան կլինի բոլոր կողմերի համար և շահեկան կլինի բոլոր առումներով, թե՛ քաղաքական, թե՛ ժողովրդի շահերից բխող»: