Մատչելիության հղումներ

ԱԺ լրագրողների մուտքի խստացված կարգը խնդրահարույց կետեր է պարունակում


ԱԺ լրագրողների մուտքի խստացված կարգը խնդրահարույց կետեր է պարունակում
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը ևս միտումը վտանգավոր է համարում:

Թեև վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են մտահոգություն հայտնում, որ չհավատարմագրված լրագրողների մուտքը Ազգային ժողով սահմանափակվել է, խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության նորանշանակ վարչության պետ Արսեն Բաբայանը չի կիսում նման պնդումները՝ ասելով, թե ինքը պարզապես փորձում է պաշտպանել արդեն իսկ սահմանված կարգը:

Բաբայանը համոզված է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց իր հավատարմագրված երկու լրագրողով ի վիճակի է լուսաբանել Ազգային ժողովում կատարվող իրադարձությունները:

«Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը, սակայն, նշում է, որ անցած ամռանը խնդիրներ են ծագել նաև այն լրագրողների համար, որոնց հավատարմագրման ժամկետը լրացած է եղել: Այդպիսիք նախկինում հավատարմագրման ժամկետը լրանալուց հետո խորհրդարան մուտք գործելու հետ կապված խոչընդոտների չեն հանդիպել:

Խնդիրն այն է, որ հավատարմագրման ժամկետը լրանում է հունիսին, իսկ նորը ուժի մեջ է մտնում միայն սեպտեմբերից: Նման խնդրահարույց ժամանակահատված կա նաև ձմռանը: Փաստորեն այդ շրջաններում լրագրողը պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարի Ազգային ժողովում հայտնվելու համար:

Լրագրողի խոսքով՝ խստացումները սկսվել են նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետ:

«Ասում են՝ տեսախցիկով ներս մտնողը պետք է սպասի, տեսախցիկը պետք է ունենա անձնագիր, նրանք հատուկ թուղթ պետք է իջեցնեն, էդ հատուկ թուղթ իջեցնողի համար դա պրոբլեմ է: Մանր հարցեր են, բայց տհաճություն ստեղծող, այսինքն՝ եթե կա լրագրողի աշխատանք, այն պետք է հստակ կանոնակարգվի էն գլխից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արշակյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը ևս միտումը վտանգավոր է համարում: Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը խստացվել է դեռևս 2009-ին, բայց սահմանափակումները գործի են դրվել միայն վերջին շրջանում:

Ընդ որում, ըստ Մելիքյանի, դրանք վերաբերում են ոչ միայն մուտքի խստացմանը, այլ նաև լրագրողի բուն աշխատանքի հնարավոր խոչընդոտմանը:

Օրինակ, կարգում նշված է, որ լրագրողը պարտավոր է իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների ծառայողական պարտականությունների կատարմանը:

«Ասենք, մականունավոր պատգամավորներից ոմանք ճեմում են Ազգային Ժողովի միջանցքում և մտածում են, թե ինչպես պետք է, ասենք, զարգացնեն իրենց բիզնեսը, և այդ պահին լրագրողը մոտենում է և հարց է տալիս: Բարդ ապացուցելի բան է, թե լրագրողը իր մասնագիտական պարտականությունը կատարելիս և իր հարցը տալով՝ խոչընդոտեց, թե չխոչընդոտեց», - ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ կա նաև մեկ այլ խնդրահարույց կետ, որով լրագրողի հավատարմագրումը կարող է վաղաժամկետ դադարեցվել: Օրինակ, եթե «նա տարածել է Ազգային Ժողովի և աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»: Ավելին, այդ նստաշրջանի ընթացքում լրատվամիջոցը զրկվում է այլ լրագրողի հավատարմագրելու իրավունքից:

«Մենք գիտենք թե դատարաններն ինչպիսին են Հայաստանում, դրանք անկախ չեն: Ասեմ, որ էս երկու կետը ակնհայտորեն թաքնված գրաքննության դրսևորում է, էլ չեմ ասում, որ որոշ սահմանափակումներ, ասենք՝ ինչու լրատվամիջոցը պետք է իրավունք չունենա իր արտահաստիքային աշխատակցին հավատարմագրել ԱԺ-ում, նույնպես հասկանալի չեն», - շեշտեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG