Մատչելիության հղումներ

Ընկերությունները Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի տոմսեր են վաճառում


Ընկերությունները Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի տոմսեր են վաճառում
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Թեև Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատությանը» պաշտոնապես հայտնել են, որ «մերժել են ռուսաստանյան «Գռոզնի Ավիա» ընկերության Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտը», սակայն ավիատոմսերի վաճառքով զբաղվող երևանյան մի քանի ընկերություններում, ինչպես նաև «Գռոզնի Ավիա»-ի կայքէջից այսօր կարելի է ձեռք բերել այդ չվերթի տոմսեր:

«Գռոզնի Ավիա»-ի առաջարկած տոմսերի գինը սկսկվում է 8 700 ռուբլուց, երևանյան ընկերություններում ZG-740 կոդն ունեցող Երևան-Սիմֆերոպոլ չվերթի տոմսերը սկսվում են 87 500 դրամից։ Նաև տեղեկացնում են՝ «Զվարթնոց» օդանավակայանից առաջին թռիչքը կայանլու է նոյեմբերի 17-ին, 15:00-ին, թռիչքը տևելու է մոտ երկու ժամ և թռչելու են «Յակ-42» ինքնաթիռով:

Այն, որ «Գռոզնի Ավիա» ընկերությունը մտադիր է կանոնավոր ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել Երևանի ու Սիմֆերոպոլի միջև, առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնեց ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին:

«Գռոզնի Ավիա»-ի փոխադրումների ծառայության ղեկավար Տիմուր Շիմաևը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կանոնավոր չվերթները իրականացվելու են հոկտեմբերի 10-ից: Սակայն հետո ժամկետները հետաձգվեցին, և երեկ «Ինտերֆաքսի» հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Ցուրկինը հայտարարեց, որ թռիչքները սկսվելու են նոյեմբերի 16-ին:

Ի դեպ, Սիմֆերոպոլի օդանավակայանի պաշտոնական կայքէջի համաձայն, ներկայում այնտեղից կանոնավոր թռիչքներ են իրականացվում միայն ռուսաստանյան տարբեր քաղաքներ, և եթե դեպի Երևան կանոնավոր ուղիղ չվերթը իրականություն դառնա, Ռուսաստանից հետո Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղից կանոնավոր թռիչքներ կիրականացվեն օկուպացված Ղրիմ:

Այս ամենի ֆոնին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Ազատությանը» մանրամասնեց, որ ավիաընկերության հայտը մերժել են՝ «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով, և որ թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»:

Ինչպես հայտնի է, Ղրիմը Ռուսաստանի կողմից բռնազավթելուց հետո միջազգային բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրեցին թռիչքները դեպի Ղրիմ: Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ու Եվրոպայում քաղաքացիական թռիչքները կարգավորող Eurocontrol-ը իրենց հերթին պահանջեցին դադարեցնել դեպի Ղրիկ թռիչքները՝ թերակղզու օդային տարածքը ապահով չհամարելով:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով, դեպի Ղրիմ թռիչքները բացասաբար կանդրադառնան Հայաստանի միջազգային հեղինակության վրա, անգամ կարող են հանգեցնել պատժամիջոցների:

«Եթե մենք այդ սահմանափակումները խախտենք, մեզ կարող են ICAO-ով կամ Eurocontrol-ով մեր ավիաընկերություններին արգելել ընդհանրապես թռիչքներ իրականացնել, մենք՝ «Զվարթնոց» օդանավակայանը, «Էյր Արմենիան» կհայտնվեն սև ցուցակի մեջ և կարող են ուրիշ ընկերություններ դեպի Հայաստան թռիչքներ չիրականացնեն»,- ասաց Պետրոսյանը։

Երևան-Ստեփանակերտի փոխարեն Երևան-Սիմֆերոպո՞լ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ դեռ 2011-ի մարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ լինել Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորը։

«Անցել են տարիներ, սակայն չնայած խոստմանը Հայաստանի իշխանությունները բացեցին ոչ թե դեպի Ստեփանակերտ չվերթը, չնայած այնտեղի օդանավակայանը վաղուց պատրաստ է, այլ պատրաստվում են բացել դեպի Սիմֆերոպոլ չվերթը»,- ասաց փորձագետը.- «Քաղաքական առումով սա ուղղակի անպատվություն է հայկական պետականությանը։ Հայաստանը էապես կփչացնի իր հարաբերությունները նախ և առաջ Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է։ Իհարկե, Հայաստանը կփչացնի իր հարաբերություններն Արևմուտքի հետ, ընդ որում դիմացը չստանալով ընդհանրապես ոչինչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG