Մեկ շաբաթ առաջ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը մահացած Նելլի Մկրտչյանի հարազատները շարունակում են պնդել, որ 26-ամյա կինը մահացել է բժիշկների սխալի ու անփութության պատճառով:
Նա սեպտեմբերի 21-ին կեսարյան հատմամբ իր առաջին երեխային էր լույս աշխարհ բերել և դուրս գրվելուց 3 օր անց շտապօգնության մեքենայով բարձր ջերմությամբ նույն հիվանդանոց տեղափոխվել:
«Դուրս գրվելիս էխո են արել, ջերմաչափ ա ուզել, չորս ժամ սպասել ա, ջերմաչափը չեն բերել: Տենց էլ դուրս ա գրվել: Էկել ա տուն ու ջերմություն ա ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նելլիի ամուսինը՝ հավելելով, որ, երբ հաջորդ օրը նույնպես ջերմությունը չի իջել, կնոջը տեղափոխել են հիվանդանոց»:
Ըստ բժիշկների, երիտասարդ կինը մահացել է սրտի կանգից: Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասում է , որ գաղափար չունի, թե ինչի պատճառով կարող էր ծննդկանի մոտ սրտի կանգ առաջանալ: Նրա խոսքով՝ հավանաբար տրոմբ է պոկվել ու խցանել անոթը, ինչը կարող էր հանկարծամահության պատճառ լինել նաև առողջ մարդու համար:
Նելլիի հարազատները, սակայն, այս վարկածին չեն հավատում: Նրանք պնդում են, որ երբ դուրս գրումից 3 օր հետո ծննդաբերած կինը բարձր ջերմությամբ և ծանր վիճակում կրկին հիվանդանոցում է հայտնվել՝ սխալ բուժումը շարունակվել է:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացած կնոջ հարազատները, սակայն, չեն հավատում, որ արդար քննություն կլինի:
Նելլի Մկրտչյանի սկեսրայրն ասում է, որ իրենց միակ ցանկությունն այն է, որ բժիշկները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում չտուժեն մյուս հիվանդները․ - «Մի պահանջ ունեմ՝ որ էդ ոչ պրոֆեսիոնալ անձնակազմը վերացնեն, սրանից հետո մեր վիճակին չհասնեն․․․ Էդ վիճակը անտանելի վիճակ ա․․․ Բոլորս էլ գիտենք, որ բժիշկներն են մեղավոր, բայց վերջում պարզվում ա, որ մեռնողն ա մեղավոր»: