Մատչելիության հղումներ

ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարում է՝ «Մաքսակետ չի լինի»


ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարում է՝ «Մաքսակետ չի լինի»
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Խորհրդարանական մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պարագայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինելու։

«Մաքսակետ չի լինելու։ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում, Լեռնային Ղարաբաղը անկախ, ազատ ինքնորոշված երկիր է և տնտեսական համագործակցության մեջ է գտնվում Հայաստանի հետ», - ասաց Մելիքյանը։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ մտահոգված «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանին ցանկացած պահի կարող են պարտադրել մաքսակետ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին։

«Ընդ որում, դա արդեն Հայաստանի որոշելիքը չի լինելու. կա մաքսային խորհուրդ, որը հենց ինքն է որոշում մաքսերի հետ կապված խնդիրները։ Ինչ որ մի պահ էլ կարող է ասեն՝ գիտեք, այնտեղ պետք է մաքսակետը լինի, և հնարավոր է, որ ինչ-որ մի պահի այդ մաքսակետը դրվելուց հետո Հայաստանի և Ղարաբաղի միջև արդեն ասեն, որ Ադրբեջանի միջոցով պետք է ապրանքները Ղարաբաղ մտնեն և դուրս գան, դրանից հետո և՛ զորքի խնդիր առաջանա, և՛ հարակից խնդիրները և մենք արդյունքում կորցնենք Ղարաբաղը», - ասաց Մարտիրոսյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է, որ մաքսակետ չի լինի, բայց նա այդ վստահությունը պայմանավորեց ոչ թե Եվրասիական տնտեսական միության անդամների համար պարտադիր կանոններով, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախընտրությամբ։

«Իրավիճակն այնպիսին է, որ չի կարող ուղղակի ֆիզիկապես նման մաքսակետ լինի, որովհետևչկա այդպիսի ներքին կարիք. որևէ այլ ուժ նման ճնշում կամ նման առաջարկ չի արել, կարծում եմ, չի էլ լինելու այդպիսի մոտեցում», - ասաց Բաբայանը։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինի, քանի որ Եվրասիական տնտեսական միությունն, առհասարակ, ըստ Հովհաննես Իգիթյանի, կյանք չի ունենա։

«Ես համոզված եմ, որ եթե այդ հարցը բարձրացվի, Հայաստանն անմիջապես խզելու է իր որևէ հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ», - ասաց Բաբայանը։

Անհայտ «փոխզիջում»

Մաիսին 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին առաջարկել էր միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

«Ազատության» զրուցակիցները դժվարանում են հստակ բացատրել, թե ինչ նկատի ուներ Նազարբաևը, երբ հոկտեմբերի 10-ին Մինսկում հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցում այլևս խոչընդոտներ չկան։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում Նազարբաևը նաև ասել էր․ - «Առավել ևս, որ հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն էլ արդեն հանված է»:

Թե ինչ փոխզիջման մասին էր խոսքը, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կարևոր չհամարեց մեկնաբանել, քանի որ բանակցությունները, ըստ Մելիքյանի, եղել են բանավոր։

«Խոչընդոտող հանգամանքը կարծում եմ, որ եղել է Ալիևի և Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների միջև տեղի ունեցող բանակցությունները բանավոր, և կարծում եմ, որ եթե բանավոր գործընթաց է դա եղել, ապա այն, ինչ ասեց Նազարբաևը Աստանայում, չասեց Ալիևի ներկայությամբ Մինսկում», - ասաց Միքայելյանը։

«Ազատության» հարցին, թե հաջողվել է Ալիևին համոզել հետ կանգնել իր առաջ քաշած պայմաններից, Մելիքյանն ասաց, թե Ալիևը երբեք իր պայմաններից հետ չի կանգնի. - «Բայց Ալիևը նաև հասկացել է, որ իր առաջադրած պայմանները անընդունելի են, և հայկական կողմից որևէ զիջման մասին, անընդունելի, կարծում եմ, որ խոսք լինել չի կարող»։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը ողջունող Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին ի՞նչ է հայտնի փոխզիջման մասին. - «Սա էլ է փոխզիջում, երբ դու պատկերացնում ես իրականությունը և փոխում ես քո մոտեցումները»։

Իսկ ինչո՞ւ է գաղտնի մնում հարցը, թե ստույգ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. - «Իշխանությունը լիգիտիմ չէ. իշխանությունը մի գիշերվա մեջ որոշում է ընդունում իր սեփական շահերը պաշտպանելու համար և ոչ պետական շահը պաշտպանելու համար»։

Հովհաննես Իգիթյանը վստահ է՝ Մինսկում է որոշվել չբացահայտել, թե ինչ փոխզիջումների մասին է խոսել Նազարբաևը։

«Մինչև գնալը Մինսկ՝ բարձր մակարդակով, պաշտոնական մեր տեսակետը պետք է լիներ, այսինքն՝ մենք գնում ենք այնտեղ, Հայաստանը գնում է ի՞նչը ստորագրելու և գալուց էլ, քանի որ ամբողջ աշխարհը լսել է այդ փոխզիջում բառը Նազարբաևից, մենք պետք է Սերժ Սարգսյանից կամ Էդիկ Նալբանդյանից լսեինք՝ ի՞նչ են պայմանավորվել այնտեղ բանավոր, որը կարող է կա գաղտնի մի արձանագրություն, ես չգիտեմ, մենք պետք է դա իմանանք», - ասաց իգիթյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հակասում է ժողովրդավարությանը։ Նման իրավիճակը, ըստ նրա, հատուկ է Ռուսաստանի գլխավորած կազմակերպության գործելաոճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG