Մատչելիության հղումներ

Հայաստանցի քաղաքագետները մտահոգված են Նազարբաևի նշած փոխզիջումների հարցով


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկի գագաթնաժողովի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Կարելի է ենթադրել, որ փոխզիջումները հենց այնպիսին են, որոնց մասին չպիտի բարձրաձայնվի, ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Մաքսային եռյակն՝ իր հերթին, Հայաստանի նախագահը՝ իր հերթին պետք է բացատրեին հանրությանը, թե ինչին էին վերաբերում փոխզիջումները, որոնց մասին Մինսկում խոսում էր Ղազախստանի նախագահը, և, օրինակ, թե ինչ փոխզիջումների են գնացել Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հոկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով նախկինում վերապահումներով էր խոսել Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ խոչընդոտներ այլևս չկան։ «Առավել ևս, որ հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու, այդ հարցն էլ արդեն հանված է», - ասաց Նազարբաևը։

«Պետք է արձանագրենք, որ փոխզիջումային լուծման մասին է խոսում Նազարբաևը, և չափազանց մտահոգիչ է, որ այդ փոխզիջման էության մասին չի խոսում ոչ մի կողմը, և առաջին հերթին՝ Հայաստանի նախագահը, մինչդեռ դա հայ հանրությանը հուզող խնդիրներից է, դա մեր անվտանգության հարցն է, և պետք է թափանցիկ ներկայացվի, թե ինչ փոխզիջումային պայմանավորվածության են եկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին միայն մեկ վիճելի հարց էր մնացել՝ արդյոք մաքսակետ տեղադրվելո՞ւ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, և մինչև սեպտեմբերի կեսը այդ հարցը դեռ պատասխան չուներ:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն բացահայտում, թե ինչ փոխզիջումների մասին էր խոսվում, Սաֆարյանն արձագանքեց․ - «Կարելի է ենթադրել, որ համաձայնությունը հենց այնպիսին է, որ չպիտի բարձրաձայնվի, և սա մտահոգիչ է, որ մեր ճակատագրին վերաբերող որոշումներ կարող են ընդունվել, որոնց վերաբերյալ պարզաբանում չներկայացնի անգամ սեփական իշխանությունը»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտն ամեն ինչ արեց, որպեսզի երկիրը զրկվի ներքին քաղաքական պոտենցիալից և իր հետագա ճակատագիրը ամբողջությամբ կախման մեջ դնի Ռուսաստանի ճակատագրից, «հաշվի առնելով, որ Հայաստանում փաստորեն ներքին դիմադրություն դրան չկա, ավելին՝ մենք տեսնում ենք է՛լ ավելի ռուսամետ ընդդիմություն, ինչի մասին նույնիսկ խոսեցին նույն օրը, նույն րոպեներին, երբ ստորագրվում էր այդ խայտառակ փաստաթուղթը»: «Ազատության հրապարակում հավաքվել էին մարդիկ, ովքեր ասում էին, որ այդ հավաքն ուղղված չէ Ռուսաստանի կամ ԵՏՄ դեմ», - ընդգծեց Մեհրաբյանը:

Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի հանրությանը ստամոքսային խնդիրներից բացի այլ բան չի հետաքրքրում:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կկործանվի Պուտինի ռեժիմը Ռուսաստանում, իսկ Պուտինի ռեժիմը Ռուսաստանում պատմականորեն դատապարտված է, և դրա կործանումն անխուսափելի է», - վստահեցրեց հայաստանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG