Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում հայտարարվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին։
Ինչպես Մինսկից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Ալեքսանդրա Դինկոն, այս ժողովից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նիստը, որը հայտարարել է այդ կառույցի լուծարման մասին։
2015 թվականի հունվարից 1-ից սկսելու է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է նաև Հայաստանը։
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Բելառուսին՝ նշելով, որ անցած տասնամյակում ավանդաբար այդ երկրում են ընդունվում բոլորի համար կարևոր վճիռները։
Սերժ Սարգսյանն ասել է, թե համոզված է, որ Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը պատմական է, դրանով սկսվելու է հետխորհրդային տարածքում ինտեգրման նոր փուլ։
Հայաստանը որոշել է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ այդ կառույցը համարում է հետխորհրդային տարածքում պետությունների համագործակցության հիմնական ձևաչափ։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի պարագան, իհարկե, յուրահատուկ է, քանի որ հանրապետությունը չունի սահմաններ միության այլ երկրների հետ, սակայն ինքը համոզված է, որ չա խոչընդոտ չի դառնա Հայաստանի ինտերգրմանը։
Մինչ այդ ելույթ են ունեցել նաև Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարները։
Վլադիմիր Պուտինն ասել է, թե համոզված է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ հավասար աշխատել Եվրասիական տնտեսական միությունում։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով նախկինում վերապահումներով է խոսել Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, նույնպես նշել է, որ խոչընդոտներ այլևս չկան։
«Առավել ևս, որ հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու, այդ հարցն էլ արդեն հանված է»,- ասել է Նազարբաևը։
Այսօր Ղրղըզստանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանը մինչև այս տարեվերջ անդամակցելու ցանկության մասին։
Ավարտելով ժողովի դռնբաց մասը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այս գործընթացի ավարտով աշխարհի քարտեզում ստեղծվում է նոր խոշոր միավոր` Եվրասիական տնտեսական միություն։
Այսօր ավելի վաղ Մինսկում` Անկախության պալատում տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովը։ ԱՊՀ ղեկավարների հավաքում ելույթերով են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։
Երկուսն էլ ասել են, որ ԱՊՀ-ն կարևոր դերակատարություն ունի։ Նշենք, որ նրանք ուղղակի չեն խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։
Կարևորելով 2015-ին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին պատրաստվելու նախաձեռնությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է առաջնահերթություն դարձնել պայքարը պատմությունը վերանայելու, նացիզմը հերոսացնելու փորձերի դեմ։
«Հայ ժողովուրդը լավ գիտի, թե ինչ է անհանդուրժողականությունը, հաջորդ տարի մենք նշելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ սարսափելի հանցագործությունները կանխելու միջոցներից մեկը անցյալում կատարվածը ճանաչելն ու դատապարտելն է»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Որպես մեր ժամանակաշրջանում անհանդուրժողականության օրինակ՝ Սերժ Սարգսյանը նշել է Դեր Էր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացումը Իսլամական պետության զինյալների կողմից։
Հայաստանի ղեկավարի խոսքերով, ԱՊՀ երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի հակամարտությունների կանխմանը և բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան հռչակագրի դրույթները։
Իլհամ Ալիևը խոսել է Սերժ Սարգսյանից առաջ։ Նա նշել է, որ ԱՊՀ-ն իրեն չի սպառել և կարևոր հարթակ է տարբեր խնդիրներ լուծելու համար։ Նա խոսել է էներգետիկայի մասին, ասել է, որ ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանի համար կարևոր են երկկողմ կապերը։
ԱՊՀ ղեկավարների հավաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ ԱՊՀ երկրների սերտ համագործակցությանը Եվրամիության հետ, սակայն այդ քայլերը պետք է բաց լինեն, այդ առումով Պուտինը դժգոհությամբ է խոսել Մոլդովայի քաղաքականության մասին։
ԱՊՀ ղեկավարները անդրադարձել են նաև Ուկրաինայի խնդրին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ասել է, թե անընդունելի է, որ հիմա Եվրոպայի կենտրոնում պատերազմ է ընթանում։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չի մասնակցում գագաթնաժողովին, Կիևի տեսակետը ներկայացնում է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը։ Ուկրաինան պատերազմի պատճառով սառեցրել է իր նախագահությունը ԱՊՀ-ում և այն արտահերթ կարգով ստանձնել է Բելառուսը։
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում։