Մատչելիության հղումներ

ԵՄ - Հայաստան հարաբերությունների փաթեթը պատրաստ կլինի «շատ շուտով»


ԵՄ-Հայաստան հարաբերությունների փաթեթը պատրաստ կլինի «շատ շուտով»
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

ԵՄ-Հայաստան հարաբերությունների փաթեթը պատրաստ կլինի «շատ շուտով»

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ Եվրամիության հետ կնքվելիք նոր պայմանագրի բովանդակությունը «ինչ-որ առումով» կախված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից:

Մոտ ապագայում Հայաստանն ու Եվրամիությունը կունենան հարաբերությունների նոր փաթեթ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Միևնույն ժամանակ դեսպանը խորհուրդ տվեց ուշադրության կենտրոնում պահել նոր փաթեթի բովանդակությունը և ոչ թե ժամկետները, թե երբ այն պատրաստ կլինի. - «Քննարկումները նախապատրաստական փուլում են, և մենք աշխատում ենք մեր հայաստանցի գործընկերների հետ: Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք՝ միտված առաջարկությունների նոր փաթեթի պատրաստմանը: Հասկանալի է, որ նման կարգի հանդիպումը պետք է ամբողջովին նախապատրաստված լինի: Այդ հանդիպման նպատակն է, այսպես ասած, «ուղեղային գրոհ» կազմակերպել, թե համագործակցության ինչ ոլորտներ են լինելու, և ես հուսով եմ, որ [Եվրամիություն - Հայաստան] համագործակցության խորհրդի հաջորդ նիստում մենք հստակ պատկեր կունենանք այս հարցի վերաբերյալ»:

«Ազատության» հստակեցնող հարցին, թե երբ պատրաստ կլինի փաթեթը, Տրայան Հրիսթեան արձագանքեց․ - «Վստահ եմ, որ շատ շուտով այն կունենանք, վերջնականապես ձևակերպելուց ու հստակեցնելուց անմիջապես հետո: Մենք պետք է հստակեցնենք մեր սպասումները, որովհետև դա բանակցային գործընթաց է, որը պետք է շարունակվի: Կարծում եմ, որ կարևորը բովանդակությունն է, ոչ թե՝ ժամկետը»:

Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը շատերի համար անկանկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել ձևավորվող Եվրասիական միությանը՝ այդպիսով հրաժարվելով ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցված պայմանավորվածություններից:

Եթե Եվրամիություն - Վրաստան ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ մտավ այս սեպտեմբերի 1-ից, ապա անցած ամիսներին Հայաստանը ընդամենը բավարարվեց Վիլնյուսում Եվրամիության հետ համատեղ հռչակագիր ընդունելով, թե պատրաստ է զարգացնել կապերը Բրյուսելի հետ։

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ երեկ Երևանում կայացած բանակցությունների ավարտին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը վճռական է Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Եվ չնայած այս ամենին, մինչև օրս՝ վիլնյուսյան գագաթնաժողովից գրեթե մեկ տարի անց, պաշտոնական Երևանը դեռ ոչ մի առաջարկություն չի ներկայացրել Բրյուսելին, թե ինչ բովանդակությամբ է պատկերացնում հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին օրերս «Ազատությանը» փոխանցեց Եվրոպական միության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոն:

Երևանում սպասում են ԵՏՄ հետ հարաբերությունների հստակեցմանը

Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանից այսօր հետաքրքրվեցինք, թե երբ է Հայաստանը ներկայացնելու նոր առաջարկներ՝ Եվրամիության հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Մելքոնյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, ներգրավված է Բրյուսելի հետ տարվող բանակցություններում, նախ ասաց, որ մինչև տարեվերջ եվրոպացի գործընկերների հետ կայանալու են քննարկումներ, որոնց նպատակն է հստակեցնել Եվրամիության հետ հետագա համագործակցության ոլորտները ու ձևաչափերը:

«Ես չցանկանալով շատ բացել փակագծերը՝ նշեմ, որ առաջիկա ամիսների ընթացքում մենք ունենք աշխատանքներ և քննարկումներ այս առումով, և կարծում եմ, որ մենք կգանք որոշակի այլ ոլորտների և ուղղությունների հստակեցմանը, որտեղ որ մենք կշարունակենք մեր աշխատանքները», - ասաց Մելքոնյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը սպասում է ԵՏՄ-ին անդամակցության գործընթացն ավարտվի, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչ կարող ենք առաջարկել եվրոպացիներին, և նոր միայն կներկայացվի փաթեթը, Մելքոնյանն ասաց, որ երկու գործընթացներն այդքան հստակորեն չի կապում իրար, բայց ինչ-որ առումով կապակցվածություն կարելի է տեսնել:

«Կան որոշակի ոլորտներ և ուղղություններ, որտեղ մենք դիտարկում ենք, թե հետագայում ինչպիսի համագործակցության հեռանկար է պետք հստակեցնել: Այդ առումով մենք պետք է դիտարկենք մեր պարտավորությունները, եղած հնարավորությունները, մոտեցումները», - նշեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:

Միևնույն ժամանակ Մելքոնյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում և այսօր էլ Եվրամիության հետ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG