Խորհրդարանի ոչ իշխանական ուժերին հաջողվել է հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները՝ շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ այսօր երեկոյան արտահերթ նիստ հրավիրելու համար:
Վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հարյուրավոր առևտրականներին այս լուրը հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. ցուցարարները ծափահարություններով դիմավորեցին շենքից դուրս եկող քառյակի պատգամավորներին։
«Հինգ րոպե առաջ մենք արդեն հավաքեցինք անհրաժեշտ 45 ստորագրությունները. ստորագրել են բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի պատգամավորները, նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է ստորագրել», - հայտարարեց Մելքումյանը։
Ընդդիմադիրները որպես հրատապ լուծում առաջարկում են մինչև 2016 թվականի հունվարի 1-ը սահմանել անցումային դրույթներ, որոնք մանր առևտրականներին կազատեն փաստաթղթեր ներկայացնելու պարտավորությունից:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը վատատես էր, վստահ է՝ հանրապետականները տապալելու են արտահերթ նիստը։
«Մի' ոգևորվեք, իշխանությունը ձեր ոգևորությանը հակառակն է անելու՝ փորձելու է ամեն ինչ անել, որ նիստը չկայանա, իրենց մտածողությամբ՝ այն, ինչ որ իրենք ընդունել են, շատ ճիշտ է: Ուզո՞ւմ եք էս օրենքն անցնի, ուզո՞ւմ եք իրենք ընկրկեն՝ դուք պետք է առաջ գնաք. փորձեք հանրապետական պատգամավորներին ճնշել, որ իրենք մասնակցեն նիստին, ինչը իրենց սուրբ պարտականությունն է», - ասաց Մանուկյանը։
ՀՅ Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց՝ եթե Հանրապետականը խելքը գլուխը հավաքի ու գա արտահերթ նիստին, շատ հարցեր կքննարկվեն, փոքր բիզնեսի համար արդար լուծում կգտնեն: Դաշնակցական պատգամավորը, օրինակ, առաջարկում է խրախուսման համակարգ․ - «Եթե պահպանվում է 3.5 տոկոսը, ապա 1 տոկոսի հնարավորությունը տրվի այն սուբյեկտներին, այն ծավալով, ինչ ծավալով որ իրենք իրենց ցանկությամբ կփաստաթղթավորեն, այլ ոչ թե պարտադրված լինեն փաստաթղթավորելու»։
Արծվիկ Մինասյանն առաջարկում է նաև սահմանել ինչ-որ նվազագույն շեմ, երբ փաստաթղթավորումը ողջամիտ չի համարվի։
«Մեկի տան կահույք է, կամ չգիտեմ ինչ-որ մի ապրանք է, բերել է, տվել է վաճառողին, որպեսզի վաճառի, հիմա սրա դիմաց ի՞նչ փաստաթուղթ վերցնի էս քաղաքացին», - ասաց Մինասյանը։
Արտահերթ նիստը նախատեսված է այսօր ժամը 18-ին, այն կկայանա, եթե քվորում լինի, այսինքն՝ գրանցվի առնվազն 66 պատգամավոր:
Առևտրականները մտադիր են երեկոյան նույնպես բողոքի ցույց անցկացնել խորհրդարանի շենքի առջև:
«Ինչո՞ւ են մեր հարցերով զբաղվում միայն ընդդիմադիր պատգամավորները, թող ՀՀԿ-ի խմբակցության նախագահն էլ իջնի, մեր առաջարկները լսի», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ ցուցարար էլ «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Եթե իրենք լուծում չտան, պիտի ստիպված էս ժողովուրդը իրանց խանութները փակեն, որովհետև եթե ստուգում անեն, ոնց լինի, խանութում լիքը մանր ապրանքներ ա, անհնարին ա դա գրանցել»։
Ձեռներեցներից մեկն էլ ասաց, որ իրենք ևս ապրել են ուզում. - «Հիմա մենք ոչ թե խնդրում, այլ կարգադրում ենք, մենք իրավունք ունենք, ժամանակին ընտրել ենք մարդիկ, բայց այսօր մեզ տրորում են։ 81 տարեկան, բայց ես դեռ աշխատում եմ»։
Երևանի տարբեր առևտրի կենտրոններից փողոց դուրս եկած ցուցարարները այս օրերին փակել են իրենց խանութները, չեն հավատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցումներին, թե Կառավարությունը փոքր բիզնեսի դեմ դուրս չի եկել՝ սա պայքար է խոշոր ստվերի դեմ։
Որոշ ձեռներեցների համոզմամբ՝ «խոշորը իրենք են [իշխանավորները]»։
«Մեզանից լավ գիտեն խոշորի ելքն ու մուտքը. պեսոկն ո՞վ է ներկրում, փափուկ խաղալիք ո՞վ է ներկրում, հիմա ի՞նչ են ուզում մեզանից։ Իրենք մեզ համար աշխատատեղ չեն ստեղծել, մենք մեր ուժերով՝ որը վարկի տակ է․․․, մի կերպ հազիվ հացի փող ենք հայթայթում», - «Ազատության» հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ձեռներեցներից մեկը։
«Խոշոր ստվերի դեմ պայքարելն այնքան հեշտ է՝ հինգ մաքսատուն կա, հինգում նրանք կարան վերահսկեն», - ասաց մեկ այլ ձեռներեց։
Ի դեպ, այսօր ցույցի եկած առևտրականները հաստատեցին, իրավապահները իրենց որոշ գործընկերների հարցաքննել են որպես վկա քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ակցիաներից մեկի ժամանակ փողոցը փակելու համար։
«Դա չի կարող լինի քրեական հանցագործություն՝ ես ստեղ կանգնելով ոչ մի օրենք չեմ խախտում, իմ ազատ տեղաշարժն ո՞վ կարող է կասեցնի», - ընդգծեց ցույցին մասնակցող քաղաքացիներից մեկը։