Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե երբ են խորհրդարանից հետ կանչվելու հայ-թուրքական արձանագրությունները:
Այսօր արտգործնախարարությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկի հետ կայացած համատեղ ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե Ազգային ժողովից երբ են հետ կանչվելու արձանագրությունները, ասաց․ - «Եթե այդպիսի բան արդեն լիներ, Հանրապետության նախագահը միգուցե կասեր էդ մասին, բայց ինքը ասեց այն, ինչ որ ասել է: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում` նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ «պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:
«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը՝ ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ՝ գրողի ծոցը վավերացնեք: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է խորհրդարանից հետ կանչելու հարցը», - հայտարարել էր Սարգսյանը:
Գրեթե հինգ տարի է անցել այն օրից, երբ Ցյուրիխում Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Այդ փաստաթղթերը, սակայն, ուժի մեջ չմտան, որովհետև թուրքական կողմը հրաժարվում է դրանք վավերացնել:
Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արձանագրությունների հետկանչման կոնկրետ ժամկետ կա:
«Դա նախագահի լիազորությունների շրջանակում է: Մենք էն կարծիքին ենք, որ եթե արձանագրությունները պետք է հանվեն, կհանվեն այն ժամանակաշրջանում, որն ավելի արդյունավետ է: Ես նախ կողմ եմ, որ արձանագրությունները պահպանվեն այնքան ժամանակ, որովհետև արձանագրությունները մեծ դերակատարում ունեցան հենց միայն նրանով, որ Թուրքիան ճանաչելի դարձավ ամբողջ աշխարհում որպես խաբեբա դիվանագիտական կողմ: Իսկ դրանք հետ կանչելու պրոցեսը դա նախագահի լիազորությունների շրջանակում է, և կարծում եմ նախագահն իր որոշումը կկայացնի», - ասաց ԱԺ նախագահը: