Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի համաձայն՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև պետք է մաքսակետ լինի


ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի համաձայն՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև պետք է մաքսակետ լինի
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ:

Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:

Փաստաթղթի հավելված 2-ի 7-րդ կետում կարդում ենք․ «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 2009թ․ նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին կետում «տարածքներ» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը»:

Մաքսային միության Մաքսային օրենսգրքի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին կետը արձանագրում է․ «Մաքսային միության միացյալ մաքսային տարածքը կազմում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները»:

Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է․ «Մաքսային վերահսկողություն իրականացվում է մաքսային սահմանը հատող ապրանքների [նկատմամբ]»:

«Ազատության» հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը փաստում է՝ Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ, ուստի ցանկացած ապրանք, որը մուտք կգործի Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից, այդ թվում՝ Ղարաբաղից, պետք է ենթարկվի մաքսային վերահսկողության, սա էլ իր հերթին նշանակում է մաքսակետի տեղադրում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:

«Որևիցե պետության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չէ, ուստի ԼՂ-ն դուրս է մնում Մաքսային միության ընդհանուր մաքսային սահմանից։ Իսկ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 95-րդ, 97-րդ հոդվածները սահմանում են՝ բոլոր այն կետերը, որտեղով ապրանքներ են մտնում, դուրս գալիս, ուղևորներ են գնում, գալիս, բոլոր ճանապարհները, որոնք անցնում են Մաքսային միության սահմանով, պետք է կահավորված լինեն մաքսակետերով և պետք է իրականացվի մաքսային հսկողություն։ Հստակ է, որ Հայաստան-Արցախ սահմանին՝ Լաչինում, Քաշաթաղում, այլ տեղեր, որտեղ Հայաստանից Արցախ ճանապարհներ են տանում, պետք է տեղադրվեն մաքսակետեր, որոնց վրա կիրականացվի մաքսային հսկողություն՝ համաձայն այն պայմանագրերի, որոնց մենք ստորագրում ենք»,- ասաց Իոաննիսյանը։

Չնայած հունիսին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով», սակայն զուգահեռաբար՝ նախորդ ամիսներին Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները բազմիցս հրապարակավ հայտարարեցին են, որ Եվրասիական միությանը անդամակցելուց հետո բացառվում է մաքսակետի տեղադրումը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանին:

Այս հուլիսին «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ընդգծեց՝ «մաքսակետը բացառվում է»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսին ու հուլիսին հրապարակավ հավաստիացրեց, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու, և որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:

Ֆինանսների նախարարություն․ Մաքսակետ տեղադրելու ծրագրեր դեռևս չկան

Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորման արդյունքում Մաքսային ծառայությունը հայտնվեց Ֆինանսների նախարարության կազմում։ Այսօր դիմեցինք ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ ի՞նչ կարող է ասել մաքսակետի տեղադրման կապակցությամբ:

«Ճիշտն ասած՝ փաստաթղթի մանրամասներին տեղյակ չեմ, ձևակերպումներին ևս, բայց եթե ես չեմ սխալվում՝ համապատասխան հայտարարություն արդեն եղել է, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Մաքսակետ տեղադրելու ծրագրեր առայժմ մեզ մոտ չկա, անկեղծ ասած։ Ինչքանով ես եմ տեղյակ, մենք նման դեռևս ծրագրեր չունենք»,- ասաց պաշտոնյան։

XS
SM
MD
LG