Մատչելիության հղումներ

Moody’s-ը զգալիորեն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը


Moody’s-ը զգալիորեն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

ԿԲ նախկին ղեկավարի խոսքով՝ առաջիկա տարիներին տնտեսական լուրջ աճի մասին կարելի է մոռանալ, քանի դեռ գոյություն ունեն մոնոպոլիաները:

Հայաստանի տնտեսությունը վերստին բախվել է ճգնաժամի: Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց 1994-1998 թվականներին Հայաստանի Կենտրոնական բանկը ղեկավարած Բագրատ Ասատրյանը:

Նա իր ասածը հիմնավորեց պաշտոնական այն տեղեկությամբ, ըստ որի այս տարվա առաջին 7 ամիսներին գրանցված 4.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը հիմնականում ապահովվել է առևտրի ու ծառայությունների աճով, իսկ տնտեսության համար կարևոր՝ արդյունաբերության և շինարարության ոլորտները ցույց են տվել աննշան աճ:

«Որ առևտրի ծավալները չեն ավելացել, բոլորս էլ հասկանում ենք, հավանաբար ինչ-որ ստվերից ․․․ Այսինքն, սա ավելի շատ թվաբանության, գրչության խնդիր է, քան տնտեսական իրողությունների արտացոլում: Համամասնությունները նայենք․ եթե ներմուծման ծավալները ավելացել են 3.5 տոկոսով, ինչպե՞ս կարող է առևտուրը ավելանալ 5.6 տոկոսով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԲ նախկին ղեկավարը:

Ասատրյանի խոսքով՝ գլխավոր պատճառը հայաստանյան տնտեսության օլիգարխիկ-մոնոպոլիստական բնույթն է, որն ուղղակի արգելում է տնտեսական ցանկացած զարգացում.- «Հայաստանը վաղուց հրաժարվել է ազատ շուկայական տնտեսություն սկզբունքներից: Դրա հենքի վրա, որը հռչակվում է ամեն տեղ, մի նոր տիպի տնտեսական համակարգ է ձևավորված, որտեղ իշխող դիրք ունեն էն անձինք, որոնք էսօր իշխանության մեջ են»:

Moody’s-ը նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճը

Եթե անցած տարվա վերջին կազմված 2014-ի պետբյուջեով նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ, ապա կառավարության փոփոխությունից հետո Հովիկ Աբրահամյանը խոստացավ այս տարի ապահովել ընդամենը 4 տոկոս աճ: Օգոստոսի վերջին Կենտրոնական բանկը էլ ավելի իջեցրեց այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ չբացառելով, որ այն կարող է կազմել 3.6 տոկոս:

Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ հեղինակավոր Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ այն հասցնելով 2.1 տոկոսի: Ընդ որում, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Moody’s-ը Հայաստանի տնտեսական աճի նվազեցումը պայմանավորել է Ռուսաստանում ի հայտ եկած տնտեսական դժվարություններով:

Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները նվազել են

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ իր պատմության ընթացքում հերթական անգամ Ռուսաստանն այսօր մեկուսանում է աշխարհից: Դա հանգեցնում է այդ երկրում տնտեսական իրադրության վատթարացման, ինչն էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է թողնում հայաստանյան տնտեսության վրա: Այդ մասին են վկայում Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, ըստ որոնց Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները նախորդ ամիսներին նվազել են: Մայիս-հունիս-հուլիս ամիսներին Ռուսաստանից մոտ 4 տոկոսով ավելի քիչ գումար է փոխանցվել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (փոխանցվել է 455 հազար 82 միլիոն դոլար):

«Մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության ճյուղերից մեկն են: Եթե վերցնենք ՀՆԱ-ի կառուցվածքը, մասնատենք, արդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը ինչքա՞ն է արտադրում, մոտավորապես 2-2.5 միլիարդ դոլար ծավալի արտադրանք է տալիս: Մենք էդ ծավալը մոտավորապես ստանում ենք Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների տեսքով», - նշեց Ասատրյանը:

Նրա հաշվարկով, որպեսզի Հայաստանի տնտեսությունը տարեկան աճի 7 տոկոսից ավելի, հարկավոր է, որպեսզի տարեկան մեր երկիր եկող դրամական փոխանցումները ավելանան առնվազն 15 տոկոսով: Քանի որ բազմաթիվ գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը առաջիկայում միայն վատանալու է, իսկ դրամական փոխանցումներն էլ արդեն այսօր կրճատվում են, ապա, ըստ Ասատրյանի, 2016-2017 թվականներին իշխանությունները ստիպված կլինեն հայտարարել, որ Հայաստանում տնտեսական աճը զրո է:

Մարդիկ, ովքեր Հայաստանում ապրում են արտերկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների հաշվին, արդեն խոսում են, որ իրենց կյանքը վատացել է: Ռուբլու աննախադեպ անկումը դոլարի նկատմամբ հանգեցրել է դրամական փոխանցումների փաստացի կրճատմանը, քանի որ արժեզրկվելով՝ ռուբլին այսօր ավելի քիչ արժե նաև Հայաստանում:

XS
SM
MD
LG