Մատչելիության հղումներ

ՊՆ. «Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների»


Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին և պաշտպանական գերատեսչությանը մեղադրում է հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու մեջ։

Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եթե մի պահ հակառակորդի ակտիվությունը հասել էր զրոյականի, ապա այժմ առաջնագծում անկանոն կրակոցներ արձակվում են։

«Շատ դեպքերում տեղի հրամանատարությունը, առաջնագծի հրամանատարությունը կրակոցներ է արձակում անկանոն, ինչը բերում է որոշակի լարվածության սահմանին»,- նշեց Հովհաննիսյանը։

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական կողմը օգոստոսի 17-ից մինչև այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 240 անգամ, արձակելով 1900 կրակոց, իսկ հայ-ադրբեջանական սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց։ Հայաստանի զինված ուժերն ու Ղարաբաղի պաշտպանության բանակը վստահեցնում են, որ հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով. կամ ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են»,- այսօր տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ կոչ անելով ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից։

Ադրբեջանական կողմն իր հերթին Հայաստանին մեղադրում է ադրբեջանական գերության մեջ օգոստոսի 8-ին մահացած Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնելու շուրջ իրենց առաջարկները չընդունելու մեջ։ Մասնավորապես, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն այսօր հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Կարեն Պետրոսյանի դին և Ադրբեջանում գերեվարված հայ 5 հոգանոց ընտանիքը փոխանակել Հայաստանում վերջերս ձերբակալված 2 դիվերսանտների ու սպանված Հասան Հասանովի դիակի հետ, սակայն հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել միայն Հասանովի դիակը։

Արծրուն Հովհաննիսյանը հակադարձեց․ - «Գռեհիկ ապատեղեկատվություն է: Մենք շուկայում չենք և առևտրով չենք զբաղվում»:

Այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարարությունն է հանդես եկել հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային կոչ անելով զերծ մնալ կանխակալ հայտարարություններից: Արձագանքելով Վաշինգտոնի և Փարիզի՝ մեկը մյուսին հաջորդած հայտարարություններին այն մասին, որ ցնցված են Կարեն Պետրոսյանի մահվամբ և այն լուրերով, որ այդ մահը վրա է հասել ոչ բնական ճանապարհով, Բաքուն պնդում է՝ «Կարեն Պետրոսյանը դիվերսիոն հետախուզական խմբի անդամ է, թափանցել է Ադրբեջանի տարածք սադրանքի նպատակով, մահացել է անսպասելի և անհայտ պատճառներով, մահվան պատճառները օբյեկտիվորեն ուսումնասիրվել են փորձագետների կողմից»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը «անընդունելի» և «անհասկանալի» է որակում համանախագահող երկրների մտահոգությունը։

Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի համար արտասովոր չէ Բաքվի այս կեցվածքը։ Նա չբացառեց, որ Ադրբեջանը փորձում է ձգձգել Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձը, որպեսզի մարմնի վրայից բռնության հետքերը վերանան:

«Ժամանակի ընթացքում հնարավոր է որոշ արտաքին նշաններ, հետքեր ավելի վատ տեսանելի կամ հայտնաբերման համար ավելի դժվար դարձնել, սակայն 21-րդ դարում ենք ապրում, վերջիվերջո ժամանակակից տեխնոլոգիաներ կան։ Մենք անցկացնելու ենք մեր դատաբժշկական փորձաքննությունները, ինչո՞ւ չէ՝ հարկ լինելու դեպքում նաև չեզոք կամ միջազգային դատաբժշկական փորձաքննություններ»,- նշեց նա։

Կապրիելյանը հիշեցրեց գերեվարված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դեպքը, ով Հայաստան վերադարձվելուց մի քանի ամիս հետո մահացավ։ Ըստ Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավարի, փորձաքննությունները ցույց են տվել, որ Խոջոյանը խոշտանգվել է, ծեծի ենթարկվել, ծերունու մարմնում ներարկված է եղել դիզելային վառելիք, գլխի ծոծրակի հատվածում եղել են մահմեդականությունը խորհրդանշող կիսալուսնաձև դաջվածքներ։

«Այդ վերաբերմունքից, այդ դաժան խոշտանգումներից, ծեծերից հետո վերադարձից առաջ էլ ներարկել էին այդ՝ «սալյարկա» կոչեցյալը... Էլ ինչի՞ մասին է խոսքը, նա պետք է ապրե՞ր»,- ասաց Կապրիելյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում տեղին համարեց հայկական կողմի դիրքորոշումը Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնելու հարցում:

«Իսկապես, սա շուկա չէ, որ սակարկություններ իրականացվեն, որպեսզի մի կողմ թողնվեն դիվերսանտների, հետախույզների իրականացրած հանցագործությունները և կատարվի նրանց փոխանակություն։ Հատկապես երբ Բաքուն ինքը Ռամիլ Սաֆարովի դեպքով ապացուցեց, որ հանցագործություն կատարած անձինք իր մոտ ոչ թե շարունակում են կրել իրենց պատիժը, այլ հերոսացվում են և նույնիսկ արժանանում են զինվորական կոչումների, զինվորական նշանակումներ ստանում»,- նշեց Սաֆարյանը,- «Ես կարծում եմ, միջազգային կազմակերպություններում Կարեն Պետրոսյանի հարցով հետևողական լինելու արդյունքում հայկական կողմը հնարավորություն կունենա վերադարձնել նրա դին առանց Բաքվի կեղտոտ սակարկությունների»։

XS
SM
MD
LG