Չորեքշաբթի օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունում մոտ երեք ժամ շարունակված հարցաքննությունից հետո հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսինը՝ Արիֆ Յունուսը հայտարարել է, թե այդ հարցաքննությունից հետո է միայն հասկացել, թե ինչ էին զգում մարդիկ 1937 թվականին ստալինյան ռեպրեսիաների տարիներին։
«Ես ամաչում էի դատախազության կողմից ինձ ուղղված հարցերի համար։ Լսելով այդ հարցերը՝ ես չգիտեի՝ ծիծաղեի, թե լաց լինեի», - Բաքվում երեկ երեկոյան «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Արիֆ Յունուսը, ով կնոջ հետ մեղադրվում է պետական դավաճանության մեջ։
Հիշեցնենք՝ Յունուս ամուսինները Ադրբեջանի իրավապահների կողմից հետապնդվում են դեռևս այս տարվա ապրիլից, երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջանին արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Ադրբեջանի Հատուկ ծառայությունները նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Յունուս ամուսինները նույնպես այդ գործով են անցնում։
Երեկ արդեն Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը բերման ենթարկեց Լեյլա և Արիֆ Յունուսներին, ապա Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք առաջադրեց։ Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Լեյլա Յունուսը մեղադրվում է պետական դավաճանություն, խաբեբայություն, խուսափում հարկերի վճարումից, ապօրինի ձեռնարկատիրություն հոդվածներով, իսկ Արիֆ Յունուսը՝ խաբեբայություն և պետական դավաճանություն հոդվածներով։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է, իսկ ամուսինը երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել։ Արիֆ Յունուսն իր հարցազրույցում հայտարարել է նաև, որ իրեն ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են, որ իրենք դրանց լուրջ չեն վերաբերվում։
«Այդ գործն ակնհայտորեն պատվիրված է։ Մենք բողոքարկելու ենք դատարանի բոլոր որոշումները, անգամ հասնելու ենք Եվրոպական դատարան։ Մենք պետք է ապացուցենք, որ օգտագործվող փաստերը խեղաթյուրված են», - ասել է Արիֆ Յունուսը։