Մատչելիության հղումներ

Նախագահը ցանկանում է, որ Հայաստանը «չդառնա թագավորական երկիր»


Նախագահը ցանկանում է, որ Հայաստանը «չդառնա թագավորական երկիր»
please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00

Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի երկրում լիազորությունների վերաբաշխում լինի և Հայաստանը չդառնա թագավորական երկիր: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկել է նաև սահմանադրական բարեփոխումների հարցը:

Այդ բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է երկրի կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական համակարգի, համաձայն որի երկրի նախագահին ընտրելու է խորհրդարանը՝ 7 տարի ժամկետով: Վարչապետը նույնպես պատասխանատու է լինելու միայն Ազգային ժողովին:

Սակայն Վազգեն Մանուկյանը նշում է, որ թեև որպես ԱԺՄ նախագահ՝ ինքը մշտապես կողմնակից է եղել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, բայց այս պահին այդ մոդելին անցում կատարելը և երկրի նախագահի ընտրությունը խորհրդարանին հանձնելը կարող է «ունքը դզելու տեղը աչքն էլ հանել»։

«Որովհետև Հայաստանում սովորաբար Ազգային ժողովի ընտրությունները անցնում են քիչ, թե շատ խաղաղ, մարդիկ չեն պատկերացնում, որ Ազգային ժողովը դա իշխանություն է։ Բայց նախագահական ընտրությունները միշտ բերում են հեղափոխական վիճակների, որովհետև ժողովուրդը կյանքի փոփոխությունը սպասում է նախագահ փոխելուց։ Հիմա պրակտիկորեն այդ մի ընտրությունը դուրս է գալիս։ Այսինքն ժողովուրդը ինչ-որ իմաստով խաբված վիճակում կարող է հայտնվել... որպես համակարգ՝ պառլամենտականը ավելի լավն է, ինձ մոտ կասկած չկա, բայց այս պահին այս անցումը մի քիչ կասկածներ է առաջացնում, և կարող է ունքը դզելու փոխարեն աչքը հանել»,- փոխանցեց Մանուկյանը.- «Երբ Հանրային խորհուրդը նախագահի հետ կիսվեց այդ իր կասկածներով, նախագահն ասաց, որ դեռ ոչ մի բան վերջնական չէ, քննարկումները շարունակվում են, տեսնենք, թե ինչի կհանգեցնեն»։

Վազգեն Մանուկյանի փոխանցմամբ՝ Հանրային խորհրդի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն այդքան մեծ ուշադրություն չի դարձրել այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը կընտրվի Ազգային ժողովի կողմից, թե՝ ոչ։ Սերժ Սարգսյանը կարևորել է լիազորությունների վերաբաշխման հարցը:

«Իր պնդումը հետևյալն է՝ որպեսզի իսկապես երկիրը լինի դեմոկրատական, պետք է լիազորությունների վերաբաշխում, բալանս լինի Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի միջև, որ Հայաստանը չդառնա թագավորական երկիր, որտեղ բոլորը հույսը կապում են միայն և միայն նախագահի հետ։ Այսինքն ինքը կարծում է, որ պետք ուժի բալանսի փոփոխություն տեղի ունենա։ Ինքը ասում է՝ եթե այս մոդելը դուր չի գալիս, ուրիշ մոդել առաջարկեք, որ այդ բալանսը փոխվի, որ ամբողջ հույսի մի մարդու հետ կապված չլինի։ Իր ասածը քաղաքական տեսակետից հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Ուղղակի մենք կարծում ենք, որ բալանսի այսպիսի կտրուկ փոփոխությունը միգուցե ճիշտ չէ»,- ասաց Մանուկյանը։

Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք համաձա՞յն չէ ընդդիմադիրների այն պնդումների հետ, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ իշխանությունն իրականում լուծում է իր վերարտադրման խնդիրը, Վազգեն Մանուկյանն ասաց, թե աշխարհում ցանկացած իշխանություն ուզում է վերարտադրվել: Այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ մտածելն իմաստ չունի, այժմ պետք է հասկանալ որքանով են այդ բարեփոխումները երկրին օգուտ բերելու:

Միևնույն ժամանակ Հանրային խորհրդի նախագահը նկատում է՝ իրականում երբ ընտրությունները անցնում են ոչ մաքուր, երբ ընտրողներին կաշառում են, այդ դեպքում երկրի կառավարման համակարգը կդառնա թագավորական, նախագահական, թե խորհրդարանական, միևնույն է:

Հաշվի առնելով հենց այս հանգամանքը Հանրային խորհրդի նախագահին հարցրեցինք, թե արդյոք համաձա՞յն չէ ընդդիմադիրների այն պնդումների հետ, որ սահմանադրական բարեփոխումները պետք է իրականացվեն նոր իշխանությունների օրոք, որոնք իսկապես ընտրվել են ժողովրդի կողմից: Վազգեն Մանուկյանը հակադարձեց՝ այսօր ազատ ընտրությունների մասին խոսողները 1996-ին ակտիվորեն զբաղված էին հենց ընտրակեղծիքներով:

«Այդ ընդդիմության 90 տոկոսը 96 թվին կատաղի զբաղված էր կեղծիքներով։ Ունենայինք այդ ժամանակ ընտրովի իշխանություն, հետո նորմալ ճանապարհով գնայինք... ես համաձայն չեմ, որ այն մարդիկ, ովքեր ի սկզբանե կեղծել են ընտրությունները, ովքեր հեղինակներ են ընտրակեղծիքների, հիմա խոսեն ընտրությունների մաքրության մասին։ Եվ հույս ունենանք, որ իրե՞նց միջոցով պիտի ընտրությունները մաքրվեն... չե՛ն մաքրվի»,- ասաց Մանուկյանը։

Իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, թե դրանց միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է հավերժացնել իր բռնապետությունը՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ եթե Սարգսյանը շարունակի համառել, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։

Վազգեն Մանուկյանին հարցրեցինք՝ արդյոք կիսո՞ւմ է Տեր-Պետրոսյանը այս կանխատեսումները: Արդյոք սահմանադրական փոփոխությունները կարող են բերել քաղաքական իրավիճակի փոփոխության:

«Ինձ համար այդ ամբողջ պարբերությունը անհեթեթություն է։ Կներեք, բայց հիմա չեմ ուզում քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Գրագետ մարդկանց մեկ տոկոսն է հասկանում սահմանադրական փոփոխությունները, սովորական ժողովուրդը արտասահման է գնում, հազար պրոբլեմ ունի, պիտի նստի տեսական վեճի համար հեղափոխությո՞ւն անի... Հայաստանում դժգոհություն կա, դժգոհությունը կարող է կուտակվի, բայց դժգոհության սլաքը և ուղղվածությունը Սահմանադրության փոփոխությունը չէ»,- պատասխանեց Հանրային խորհրդի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG