Գյումրիում անցած շաբաթ մեկը մյուսի հետևից սպանության մի քանի դեպք գրանցվեց:
Ամենանաղմկոտը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ 50 ամյա Հարություն Գրիգորյանի սպանությունն էր: Վերջինիս դին հրազենային վնասվածքներով հայտաբերվել էր Գետք համայնքի անասնագոմերի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ: Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի հատկանիշներով (սպանություն և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Հարություն Գրիգորյանին սպանելու մեղայականով ներկայացած անձը Ռազմական ոստիկանության Գյումրիի բաժնի բարձրաստիճան պաշտոնյա է:
«Մեղադրականով Վրաստանից Հայաստանի ոստիկանություն է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ Արմեն Կատինյանն, ով հանդիսանում է ոստիկանության Գյումրու Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, ով ձերբակալվել է և որպես կասկածյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք, ինչպես նաև նկարագրել հանցագործության կատարման դրդապատճառները և հանգամանքերը։ Ինչպես դրդապատճառները, այնպես էլ հանգամանքները հանդիսանում են նախքննության գաղտնիք, ուստի դրանք հրապարակման ենթակա չեն, և, հատկապես դրդապատճառները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք հանդիսանում են նաև նեղ անձնական գաղտնիք»,- փոխանցեց Ասլանյանը։
Դիտարկմանը, թե որպես սպանության դրդապատճառ շրջանառվում է հատկապես խանդը, Շիրակի մարզի դատախազն այսպես արձագանքեց.- «Ես դրդապատճառների վերաբերյալ մեկնաբանություններ տալ չեմ ցանկանում և տեղյակ եմ, որ լրատվամիջոցներով շրջանառվում է խանդի վարկածը»։
Հարցին՝ Արման Կատինյանը կալանավորվա՞ծ է, թե՝ ոչ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց.- «Կալանավորումը, դեռևս որպես խափանման միջոց չի ընտրվել, անձը դեռևս որպես մեղադրյալ չի ներգրավվել, ձերբակալման պահից եռօրյա ժամկետում անձին մեղադրանք կառաջադրվի, և որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը»։
Րաֆֆի Ասլանյաննը նշեց, որ զինվորական գործի քննությունը դեռևս չի տեղափոխվել զինվորական դատախազություն, այն գտնվում է մարզի քննչական բաժնի և դատախազության դատավարման ներքո:
«Քրեական գործ ենթակայության վերաբերյալ դեռևս որոշումներ չեն կայացվել, հետագայում, իհարկե, եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվի, որպես Ռազմական ոստիկանության աշխատակից, քրեական գործի ենթակայությունը կփոխվի և նախքննությունը կիրականացվի արդեն համապատասխան կայազորային քննչական բաժնում»,-փոխանցեց Ասլանյանը։
Այս դեպքից ժամեր անց գրանցվում է երկրորդ դեպքը. սուր ծակող - կտրող գործիքներից ստացված վերքերով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվում Էդգար Անտինյանը, ով ստացված վնասվածքներից մահանում է։
«Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Էդգար Անտինյանը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, ով ունեցել է դանակի բազմաթիվ հարվածներ մարմնի վրա և նշված հիվանդանոցում վերջինս մահացել է արյունահոսող վերքերից։ Դեպքի առթիվ, դարձյալ, հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քրեական գործով արդեն կա ձերբակալված և կասկածյալի կարգավիճակով հարցաքննված անձ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և նշել, որ իր բարեկամին, իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում ինքն է դանակի հարվածներով սպանել»,- «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզի դատախազը։