Մատչելիության հղումներ

Շահնազարյանը Ադրբեջանի ակտիվացման հետևում տեսնում է Ռուսաստանին


Դավիթ Շահնազարյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, 16-ը հուլիսի, 2014թ․
Դավիթ Շահնազարյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, 16-ը հուլիսի, 2014թ․

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը։

Ընդդիմադիր գործիչ, նախկինում Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը վերջին շրջանում հայ - ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների ու Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն խմբերի ներթափանցման հետևում տեսնում է Ռուսաստանին։

«Ես այստեղ հստակ տեսնում եմ Ռուսաստան, ավելի ճիշտ՝ Մոսկվա-Բաքու-Անկարա կապը։ Հաշվի առնելով մայիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Մոսկվա, և Լավրովի հետ՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում երբ պարզ ասվեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն Լեռնային Ղարաբաղի խնդրում, և, եթե ուշադրություն դարձնենք, դրանից հետո անմիջապես՝ մի քանի օր հետո բառացիորեն, լարվածությունը և բախումները տեղափոխվեցին Նախիջևանի հետ սահման, որը չափազանց վտանգավոր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը:

«Այսինքն՝ լարվածության այս աշխարհագրության մեծացումը, ինչու չէ՝ կրակոցների, զոհերի [թվի] մեծացումը եթե շարունակվի Նախիջևանի հետ սահմանում, ապա դա կարող է հիմք հանդիսանալ, որ Մոսկվա-Անկարա ձևաչափով փորձ արվի խառնվել [ղարաբաղյան հակամարտության] կարգավորմանը», - մանրամասնեց նա:

Շահնազարյանն ընդգծեց, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են «նվաստացնել, ինչու ոչ՝ չեզոքացնել [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի դերը, և Ռուսաստանը փորձում է վերցնել ամբողջ այդ մենաշնորհը կարգավորման, և այս ամենը ուղեկցվում է նման գործողություններով»։

«Կոնկրետ այդ [մասնավորապես՝ Քարվաճառի] միջադեպերի հետ կապված, այո, պետք է զգոնությունը իսկապես շատ ավելի մեծացնել, տեղի բնակչությանը պետք է հրահանգավորել, որպեսզի նման դեպքերը ուղղակիորեն բացառվեն», - կարծում է ընդդիմադիր գործիչը:

«Սա Մոսկվայի քաղաքականությունն է», - համոզված է Շահնազարյանը։

Դիտարկմանը՝ չէ որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ընդդիմադիր գործիչը այսպես արձագանքեց. - «Գիտեք ինչ, այն որ այսօր մեր ամենամեծ վտանգը՝ թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին ներկայացնում է հենց ինքը՝ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը, դա ավելի քան փաստ է։ Հայաստանը որպես լծակ օգտագործել Ադրբեջանի դեմ, փորձել Ադրբեջանին եթե ոչ անդամակցության հասնել իր այդ հակաքաղաքակրթական՝ եվրասիական կամ մաքսային կառույցներում, եթե ոչ՝ առնվազն Արցախի հաշվին պատրաստ է Ռուսաստանը գնալ հնարավոր բոլոր զիջումների Ադրբեջանին, միայն թե տեղակայի այնտեղ ռուս զինվորականների՝ խաղաղապահների անվան տակ։ Այս գործընթացն է հիմա կատարվում՝ միաժամանակ, իհարկե, մեզ էլ վախեցնելով»։

Հարցին, թե սա կարո՞ղ է վերածվել պատերազմի, թեկուզ՝ կարճատև, Շահնազարյանը պատասխանեց. - «Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ՝ Մոսկվայից դրդված լարվածության արդյունքում, որ հակամարտող կողմերի ղեկավարությունների՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, նույնիսկ փոքր սխալները, փոքր վրիպումները կարող են մեծ ընդհարումների առիթ հանդիսանալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG